Հայաստանում պղնձամոլիբդենային հանքերը կարող են շահագործվել 100-120 տարի, ոսկու հանքերը` 25-30 տարի. Արմեն Մովսիսյան
Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է պինդ օգտակար հանածոների հաստատված պաշարներով ավելի քան 850 հանքավայր, այդ թվում` 37 մետաղական: Այս մասին «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող երկօրյա միջազգային համաժողովում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` հավելելով, որ նշված հանքավայրերից 400-ը, այդ թվում` 26 մետաղական, շահագործվում է 474 կազմակերպությունների կողմից:
Նախարարի խոսքերով` հանրապետության տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի գրեթե բոլոր տեսակների հանքանյութային ապարներ: Հատուկ արժեք ու նշանակություն ունեն հրաբխային պրոցեսների արդյունքում առաջացած լեռնային ապարները, որոնցից ամենակարևորներն են թեթև ապարներն ու տուֆերը:
Ա.Մովսիսյանը նշեց, որ կտրուկ նվազել է ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանումն ու վերամշակումը: «Պետք է փաստել, որ բացի ցեմենտի երեսապատման սալիկների, շինաքարի արտադրությունից ոչ մետաղական օգտակար հանածոները այլ նպատակներով չեն վերամշակվում` բացառությամբ փոքր ծավալի արտադրական հզորությունների»,- ընդգծեց նախարարը:
Ա.Մովսիսյանի խոսքերով` գործող հանքարդյունաբերական կազմակերպությունների ապահովվածությունը տարբեր մետաղական օգտակար հանածոների պաշարներով և արտադրական հզորությունների ընդլայնման հաշվարկով բնութագրվում են հետևյալ մեծություններով՝ պղնձամոլիբդենային հանքաքարով` ավելի քան 100-120 տարի, ոսկու հանքաքարով՝ 25-30 տարի, կապարացինկային հանքաքարով՝ 20-25 տարի: Ըստ նրա` պաշարների ապահովվածության նշված ժամկետները հաշվարկված են առավել խոշոր հանքավայրերի տվյալներով:
«Ակնհայտ է, որ այդ ընթացքում արդեն սպառված կլինեն փոքր և միջին մասշտաբի հանքավայրերի պաշարները, ինչը կհանգեցնի հանքարդյունաբերական համալիրի համախառն հանքարտադրանքի կրճատմանը»,- ընդգծեց Ա.Մովսիսյանը:
Նախարարի խոսքով, ներկայումս ՀՀ կառավարությունը ստեղծում է հնարավոր մեխանիզմներ արդյունահանվող օգտակար հանածոների վերամշակման, արտադրության կազմակերպումը փակ և ավարտուն ցիկլերով իրականացնելու համար, ինչը հնարավորություն կտա ստանալ բարձրարժեք արտադրանք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան