
Ադրբեջանական կազմակերպությունը սպառնում է ԱՊՀ երկրների ԶՈւ ԳՇ ղեկավարների Բաքվում կայանալիք նիստի Հայաստանյան ներկայացուցչին
Բաքվում ստեղծված, այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» հայտարարություն է տարածել, որում սպառնում է Բաքվից արտաքսել ԱՊՀ երկրների ԶՈւ ԳՇ նիստի Հայաստանյան ներկայացուցչին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Salamnews» լրատվական գործակալությունը:
«Մենք հայտարարում ենք, որ, եթե Հայաստանի ներկայացուցիչը ժամանի Բաքու, մեր կազմակերպությունը կօգտագործի բոլոր հնարավոր և ոչ հնարավոր միջոցները նրան երկրից արտաքսելու, ինչպես նաև ԱՊՀ միջոցառումը ամբողջապես խափանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ ապրիլի 7-8-ին Բաքվում կայանալու է ԱՊՀ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարների նիստը:Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ասել է, որ Հայաստանի կողմից նիստին մասնակցելու է ՌԴ-ում ՀՀ ՊՆ ներկայացուցիչներից մեկը։ Մամուլի քարտուղարը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածվող այն տեղեկատվությունը, թե Բաքու գնալու է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։