Եվգենի Սուպեր. Ադրբեջանը վախենում է, որ Ղրիմին կհաջորդի մի շարք երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչումը
Չնայած բոլոր դժվարություններին` Հայաստանը աջակցեց Ռուսաստանին: Ադրբեջանը նույնպես կատարել է իր ընտրությունը` ռուսական զինվորականներին Գաբալայի ՌԼԿ-ից արտաքսելով: Այս մասին ասվում է Եվգենի Սուպերի «Ընկերը մարտում է ճանաչվում. նախկին ԽՍՀՄ երկրներից որոնք և ինչու են Ղրիմի հարցով աջակցել Ռուսաստանին» հոդվածում` տպագրված «odnako.org» կայքում:
«Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները ամբողջապես փոխեցին աշխարհաքաղաքական խաղատախտակի առկա պատկերը` խախտելով շատ դերակատարների ռազմավարությունը: Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների նոր փուլի մասին շատ է խոսվել, սակայն հետաքրքիր է նաև վերլուծել, թե առկա իրավիճակը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ եվրասիական քաղաքական գործընթացների վրա»,- ասվում է հոդվածում:
Հեղինակը նշում է, որ «Սառը պատերազմի շունչը» ստիպում է եվրասիական առաջնորդներին հրաժարվել բազմավեկտոր քաղաքականությունից և վերջնական որոշում ընդունել հօգուտ Ռուսաստանի կամ Արևմուտքի: Սկզբում միայն Ղազախստանն էր հայտարարել, որ լեգիտիմ է համարում Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն և դրա արդյունքները, սակայն շուտով նրա օրինակին հետևեցին նաև Ղրղզստանը, Հայաստանը և Բելառուսը: Ուզբեկստանը և Տաջիկստանը առայժմ ձեռնպահ են մնացել գնահատականներից և լռություն են պահպանում: Ադրբեջանը հանրաքվեն անվանել է ոչ օրինական, իսկ արդյունքները ոչ լեգիտիմ, գրում է հեղինակը:
«Օրինաչափությունը ակնհայտ է. որքանով այս կամ այն երկիրը ավելի է ընգրկված եվրասիական ծրագրում, այնքան ավելի արագ է ճանաչել հանրաքվեն: Եվ եթե Ղազախստանի և Բելառուսի, որպես Մաքսային Միության անդամների, որոշումը կասկածի տեղիք չի տալիս, ապա Ղրղզստանը ձեռնպահ կմնար, եթե ուկրաինական ճգնաժամը տեղի ունենար մի քանի տարի առաջ: Սակայն այդ մի քանի տարվա ընթացքում Ռուսաստանը մեծ աշխատանք է իրականացրել Ղրղզստանի էլիտային իր կողմը գրավելու համար: Բիշկեկը իր ընտրությունը դեռ ավելի վաղ էր կատարել` արտաքսելով ամերիկացիներին «Մանաս» ռազմակայանից: Հայաստանի դեպքում իրավիճակը գրեթե միևնույնն է, սակայն մեր հարաբերություններում բեկումնային առաջընթաց գրանցվեց դեռ վերջերս, երբ վերջնականպես հստակեցվեց Հայաստանի Մաքսային Միության անդամ դառնալու քայլերը»,-ասվում է հոդվածում:
Ինչպես նշում է հեղինակը, պետք չէ ենթադրել, որ այդ որոշումը պատահական էր:
«Այս որոշումը ընդունելը ամենադժվարը Հայաստանի համար է եղել. այնտեղ շատ ուժեղ հակառուսական լոբբի կա, որը պնդում է, որ երկիրը պետք է գնա եվրոպական ինտեգրացիայի ուղղությամբ: Բացի այդ, Ղրիմի հանրաքվեի ընդունումը սրում է ղարաբաղյան հակամարտության խնդիրը»,- ասվում է հոդվածում:
Հեղինակը նշում է, որ Ադրբեջանի նախագահը ոչ միայն չի ընդունել Ղրիմի Ռուսաստանի կազմի մեջ մտնելու փաստը, այլ նաև անցած շաբաթ հրապարակայնորեն խոստացել է Ադրբեջանին վերադարձնել բոլոր «գրավված տարածքները»:
«Կարծիք կա, որ նա մտահոգված է և վախենում է, որ Ղրիմին կհաջորդի մի շարք երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչումը, որը իր հերթին, նույնիսկ Հայաստանից շուտ է ճանաչել Ղրիմի հանրաքվեն», - ասվում է նյութում:
Ըստ հեղինակի `ՌԴ եվրասիական գործընկերների կողմից Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելը կամ չճանաչելը իրավական նշանակություն չունի, քանի որ խոսքը նոր պետություն ստեղծելու մասին չէ:Այնպես, որ նրանք կարող էին շարունակել լռություն պահպանելը: Սակայն, այն պարագայում, որ աշխարհը կրկին սկսել է բաժանվել երկու մասի, լռությունը հղի է բոլոր դաշնակիցներին կորցնելու վտանգով: Եվ այսպես, նրանք իրենց ընտրությունը կատարել են և հրապարակայնորեն հաստատել:
Ինչպես նշվում է հոդվածում, Արևմուտքի արձագանքը իրեն երկար սպասել չի տա: Որոշ համագործակցային ծրագրերի խափանումը և նույնիսկ պատժամիջոցների կիրառումը անխուսափելի է:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին և Ուզբեկստանին, ապա նրանք մինչ այս իրադարձությունները արդեն իսկ իրենց ընտրությունը կատարել էին. Ադրբեջանը Գաբալայից արտաքսել էր մեր զինվորներին, իսկ Ուզբեկստանը սառեցրել էր իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում: Այսօր միայն Տաջիկստանն է նախկինի պես փորձում կիրառել բազավեկտորությունը, սակայն դրանում մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք. Տաջիկստանին եվրասիական միություն մտցնելուն ուղղված աշխատանքները այնքան էլ արդյունավետ չեն եղել»,- ասվում է հոդվածում:
Ինչպես նշում է հեղինակը, Ռուսաստանի կողմից տարվող աշխատանքները` ուղղված եվրասիական տարածաշրջանի միավորմանը Ռուսաստանին, իրական քաղաքական դիվիդենտներ են տալիս: