Հանքարդյունաբերությունն արտահանման կարևոր աղբյուր է և տնտեսական աճը պայմանավորող կարևոր գործոններից մեկը. ՀԲ պաշտոնյա
Հանքարդյունաբերությունն արտահանման կարևոր աղբյուր է և տնտեսական աճը պայմանավորող կարևոր գործոններից մեկը: Այս մասին «Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերություն. հնարավորություններն ու մարտահրավերները» միջազգային համաժողովում հայտարարեց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին:
«Մենք ուրախ ենք քննարկելու այդ ոլորտի առջև ծառացած մարտահրավերներն ու առկա հնարավորությունները, որպեսզի վերջինս շարունակի մնալ տնտեսապես կենսունակ, սոցիալապես պատասխանատու և շրջակա միջավայրի տեսանկյունից կայուն»,- ասաց ՀԲ երևանյան գրասենյակի տնօրենը:
Այդուհանդերձ, ըստ նրա, հանքաարդյունաբերությունը ռիսկային բիզնես է, քանի որ ընդերքի որոնողախուզական արդյունքները հաճախ ապարդյուն են անցնում, մինչդեռ ներրդումները գերազանցում են մի քանի հարյուր միլիոն դոլարներ:
«Բացի այդ` դրա արդյունքում արտադրանքի գները կարող են կտրուկ փոխվել: Այդուհանդերձ, մենք ընդունում ենք, որ ռիսկային բիզնեսը դեռևս չի նշանակում, որ հանքարդյուանբերությունը անպատասխանատու է կամ պետք է լինի այդպիսին: Այդ ռիսկերից շատերը կարող են մեղմվել կամ վերացվել: Դրա համար հարկավոր է պատշաճ քաղաքականություն, օրենքներ և իրավական կանոնակարգումներ»,- ընդգծեց Ժան Միշել Հափին:
Նրա խոսքերով` այսօրվա համաժողովը հնարավորություն կտա ուսումնասիրել Հայաստանում առկա պրակտիկան: Նա միաժամանակ նշեց, որ Համաշխարհային բանկն աջակցել է ՀՀ կառավարությանը երկրաբանական միջազգային չափորոշիչներին համահունչ «Ընդերքի մասին» նոր օրենսգրքի մշակման հարցում, ինչպես նաև արմատական փոփոխություններ են իրականացվել ֆիսկալ ռեժիմում:
«Օրինակ` հանքարդյունաբերության ոլորտում ռոյալթիներից ստացվող ֆիսկալ եկամուտները 2012թ. հասել են մոտ 16 մլրդ դրամի, իսկ 2013թ-ին` 23 մլրդ դրամի` նաև շնորհիվ բարենպաստ ապրանքային գների: Մինչդեռ 2011թ-ին այդ ռոյալթիները կազմել են ընդամենը 7 մլրդ դրամ`հարկային նախկին ռեժիմի պայմաններում»,- ասաց Ժան Միշել Հափին: