Քլաբ Քլաս անգլերեն դպրոցների ներկայացուցիչ. Մեզ մոտ շատ չեն հայ ուսանողները
Հայ ուսանողները ջանասեր են ու պարտաճանաչ, ասում է Քլաբ Քլաս անգլերեն դպրոցների ներկայացուցիչ Կատյա Լուպալենկոն:
«Սովորում են, տնային աշխատանքները պարտաճանաչ կատարում, չնայած ուսանողներին դժվար է ամռանը ստիպել տնային աշխատանքներ անել: Շատ լավ երիտասարդներ են»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կատյա Լուպալենկոն, ով այսօր՝ «Կրթություն արտերկրում. բաց դռների օր» միջոցառման ընթացքում հայ ուսանողներին կներկայացնի իրենց մոտ սովորելու հնարավորություններն ու պայմանները:
Հարցին՝ ինչո՞ւ եք հետաքրքրված հայ ուսանողներ ունենալով, նա պատասխանեց. «Մեզ մոտ այնքան էլ շատ չեն հայ ուսանողները: Լոնդոնի դպրոցում նախորդ տարի ընդամենը վեց ուսանող ենք ունեցել, Մալթայում՝ երկու-երեք: Այդ պատճառով ես փորձում եմ գրավել, Հայաստանի ուսանողներին ծանոթացնել մեր ծրագրերին, մեր դպրոցներին, որպեսզի գան մեզ մոտ և անցնեն անգլերենի կուրսեր: Մենք հույս ունենք, որ այս տարի այդ թիվը կմեծանա»:
Քլաբ Քլասը երկու դպրոց ունի՝ Մալթայում և Լոնդոնում:
«Մալթայի մեր դպրոցում ուսանողներն ապրում և սովորում են նույն վայրում: Ինչը խնայում է ժամանակը և ճանապարածախսը: Մենք տարբեր կուրսեր ենք առաջարկում, և մեզ մոտ կարելի է ընդունվել տարվա ցանկացած ժամանակի: Ծրագրի արժեքի մեջ ներառված են 20 դաս՝ մեկ շաբաթում, սնունդ, կացարան, էքսկուրսիաներ, ինչպես նաև զվարճանք: Եթե գալ Մալթա կես տարվա համար, սովորելն ու ապրելը կարժենա 4000 եվրո: Լոնդոնի մեր դպրոցը կուրսերի լայն շրջանակ է առաջարկում՝ սովորական անգլերեն, բիզնես-անգլերեն, քննությոններին պատրաստում և այլն: Ուսանողը միջազգային վկայական է ստանում, որով կարող է ընդունվել ցանկացած միջազգային բուհ»,- դպրոցների պայմանները ներկայացրեց նա:
Կատյա Լուպալենկոյի խոսքով, իրենց դպրոցներում սովորում են երեխաներ աշխարհի տարբեր երկրներից, ինչը հայ ուսանողներին կօգնի նաև զարգացնել անգլերենը շփման միջոցով:
Նա նշեց, որ ունեն նաև ամառային կարճ ծրագրեր, պրակտիկաներ տարբեր ոլորտներում:
Նշենք, որ այսօր «Կրթություն արտերկրում. բաց դռների օր» միջոցառման ժամանակ, Լոնդոն Այ միջազգային ուսումնական կենտրոնի հրավերով Հայաստանում գտնվող բաձր վարկանիշ ունեցող համալսարանների և ուսումնական հաստատությունների պաշտոնական ներկայացուցիչները հայ ուսանողներին կներկայացնեն բակալավրիական, մագիստրոսական, դոկտորական ծրագրերն ու մի շարք երկրներում կազմակերպվող ամառային դպրոցների ու կրթաթոշակների մասին տեղեկություններ կտրամադրեն:
Նախորդիվ՝
«Կրթություն արտերկրում. բաց դռների օր»` արտասահմանյան բուհերի առաջարկները հայ ուսանողներին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա