«Քեսաբ ներխուժումը հայության` մասնավորապես սիրիահայ համայնքի դեմ ուղղված քայլ էր»
Քեսաբ ներխուժումը հայության` մասնավորապես սիրիահայ համայնքի դեմ ուղղված քայլ էր: Անդրադառնալով Սիրիայի հայաբնակ Քեսաբ համայնքում տեղի ունեցող զարգացումներին` panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
«Քեսաբի տարածքում տեղի են ունեցել արտաքին կողմի հրահրմամբ սադրիչ ռազմական գործողություններ: Այն տարածքում, որը կոմպակտ հայաբնակ է և սիրիական ճգնաժանի տարիներին առավելապես պահպանել է իր կայունությունն ու հանդարտությունը: Քեսաբում տեղի ունեցող զարգացումներում Թուրքիայի դերակատարությունը անժխտելի է, քանի որ ալ-Նուսրա և այլ արմատական խմբավորումները, որոնցում մեծ է նաև Թուրքիայի ազդեցությունը, հայաբնակ Քեսաբ են ներխուժել Թուրքիայի տարածքից և թուրքական բանակային ստորաբաժանումների աջակցությամբ։ Ներկայում էլ Թուրքիան թիկունքային աջակցություն է ապահովում զինյալների համար»,- ասաց Լևոն Հովսեփյանը:
«Քեսաբ ներխուժումը հայության դեմ ուղղված որոշակի քայլ էր և նպատակ ուներ լուծարել սիրիահայ համայնքի այս կարևոր օջախը: Թուրքիան իր առջև խնդիր էր դրել սիրիական ճգնաժամի ընթացքում չեզոքացնել, ոչնչացնել սիրիահայ համայնքը: Այս առումով Քեսաբը կարևոր թիրախներից մեկն էր»,- հավելեց բանախոսը:
Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Հաագայում Քեսաբի իրադարձությունի վերաբերյալ հայտարարությանը` Լևոն Հովսեփյանը նշեց. «Հանրապետության ղեկավարի` հենց Հաագայում հնչեցված հայտարարությունը շատ կարևոր էր: Պաշտոնական նման բարձր մակարդակով մի գուցե հնարավոր չէր ուղղակի տալ Թուրքիայի անունը, սակայն հայերի տեղահանություն կրկնության վերաբերյալ շեշտադրումը Թուրքիայի սադրիչ գոծողությունների անուղղակի վկայակոչումն էր»:
Բանախոսը նշեց, որ ներկայումս քեսաբահայությանը օգության հիմնական ուղղությունները պետք է լինեն հարցին հանրային մեծ հնչեղություն հաղորդելն ու պաշտոնական շրջանակների, հասարակական կազմակերպություների միջոցով ներկայումս Լաթաքիայում գտնվող հայությանը նախնական նյութական աջակցություն ցուցաբերելը:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան ժամերին Սիրիայի հայաբնակ Քեսաբ համայնքը ու շրջակա գյուղերը հարձակման են ենթարկվել «Ալ Նասրա» և «Ալ Իսլամիէ» խմբավորումների զինյալների կողմից, ինչից հետո տեղի բնակչությունը ստիպված էր ապաստան գտնել հարևան Լաթաքիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան