Դանակով զինված տղամարդը Ազգային ժողովից գումար է պահանջել
Այսօր դանակով զինված մի տղամարդ մուտք է գործել Ազգային ժողովի շենք և անցակետի մոտ սպառնացել, որ դանակով կվնասի ինքն իրեն: Սակայն Ազգային ժողովի անվտանգության աշխատակիցները կանխել են նրա գործողությունները:
Panorama.am-ի թղթակիցը խորհրդարանից փոխանցում է, որ դանակով զինված տղամարդը մի քանի լրագրողների հետ զրույցում ասել է, որ երեխաներին պահելու համար գումար չունի և դրա համար էլ եկել է Ազգային ժողով:
«Եթե ինձ ոչ մեկ չօգներ, մեկին կսպանեի», -հայտարարել է նա:
Հարցին, թե այնուամենայնիվ, ով է գումարը տրամադրել իրեն, տղամարդն ասել է, թե չի կարող պատասխանել: Մեր թղթակիցը նկատել է, որ անցակետից դուրս գալով տղամարդը փորձել է տաքսի նստել:
Լրագրողները անցակետի աշխատակիցներից ցանկացել են ճշտել, թե ով է եղել տղամարդը և այն, թե ովքեր են ֆինանսապես օգնել նրան, որևէ մեկը հստակ պատասխան այդպես էլ չի տվել:
Ի դեպ, տղամարդու վրա եղել են արյան հետքեր, սակայն նա հրաժարվել է շտապօգնություն կանչելու` լրագրողների առաջարկից: