Հայաստանի պարի պետական անսամբլը հայկական ազգային պարը ներկայացնելու է Քաթարում և Մարսելում
Հայաստանի պարի պետական անսամբլը երևանյան իր հանդիսատեսին հերթական անգամ կներկայանա այսօր՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ հավանաբար արդեն հունիսին ելույթներով հանդես կգան հայաստանյան տարբեր քաղաքներում՝ Դիլիջանում, Իջևանում և Նոյեմբերյանում: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանը:
Նա նշեց, որ իրենց համերգները մշտապես անցնում են լի դահլիճներում. «Մեր ելույթների ժամանակ դահլիճը լցվում է: Հանդիսատեսը վերջում մշտապես իր շնորհակալությունն է հայտնում, լավ էմոցիաներով դուրս գալիս»:
Հայաստանի պարի պետական անսամբլը, Է. Չանչուրյանի տեղեկացմամբ, մայիսին ելույթ է ունենալու Քաթարում, իսկ հոկտեմբերին՝ Մարսելում: Անսամբլի տնօրենը տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ հյուրախաղերով հանդես կգան նաև Արգենտինայում:
Նշենք, որ անսամբլի պարացանկում ընդգրկված են ժողովրդական, ազգագրական պարեր, Կոմիտաս, Սպենդիարյան, Ավետիսյան, Խաչատրյան, նաև ժամանակակից կոմպոզիտորների երաժշտությամբ պարային բեմադրություններ: