ՄԹ ԱԳՆ. Ադրբեջանցի ընդդիմադիրներին ձերբակալել են քաղաքական շարժառիթներով
Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարարությունն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յագուբլուի և «Հանրապետական այլընտրանք» քաղաքացիական շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի դատավարության և ձերբակալությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Միացյալ Թագավորության պաշտոնական կայքը:
Նրանց ձերբակալությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տվել դատական անկախության և Ադրբեջանում իրավունքի արդյունավետ պաշտպանության ոլորտների վերաբերյալ:
Ստորև ներկայացնում ենք ՄԹ արտգործնախարարության խոսնակի հայտարարությունը՝
«Միացյալ Թագավորությունն իր խորին մտահոգությունն է հայտնում մարտի 17-ին ընդդիմադիր առաջնորդներ Մամեդովի և Յագուբլուի զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ոստիկանությանը դիմակայելու մեղադրանքով երկար տարիների ազատազրկման դատապարտելու վերաբերյալ»:
Արտաքին գործերի քարտուղարը բարձրացրել էր Մամեդովի և Յագուբլուի հարցը դեռևս 2013թ դեկտեմբերին Բաքու կատարած այցելության շրջանակներում: Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատան պաշտոնյաներն ուշադիր կերպով հետևել են դատավարությանը»:
Հայտարարությունում մտահոգություն է արտահայտվում այն հարցում, որ կայացված դատավճիռները քաղաքական շարժառիթներով են եղել:
Հիշեցնենք, որ 13 ամիս անցկացնելով բանտում նրանց մեղավոր ճանաչեցին Իսմայիլի շրջանում 2013թ. հունվարի 23-24-ին տեղի ունեցած հակակառավարական բողոքի ակցիաները հրահրելու մեջ: Թոֆիկ Յագուբլուին դատապարտել են 5` իսկ Իլգար Մամեդովին 7 տարվա ազատազրկման:
Նշենք, որ ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի համազեկուցողներ Պեդրո Ագրամունթը (Իսպանիա) և Ջոզեֆ Դեբոնո Գրեխը (Մալթա) խորին մտահոգություն են հայտնել Յագուբլուի և Մամեդովի ձերբակալությունների կապակցությամբ:
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԵՄ ընդլայնման, Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն քննադատել են ադրբեջանցի ընդդիմադիրներ Յագուբլուի և Մամեդովի ձերբկալությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում