Ադրբեջանի տնտեսությանը ծանր ժամանակներ են սպասվում
Նավթային եկամուտների կրճատումը և համաշխարհային շուկայում տեղի ունեցող փոփոխությունները Ադրբեջանում լարվածություն են ստեղծում և խոչընդոտում են երկրի տնտեսական զարգացմանը: Այս մասին ասվում է շվեյցարական «International Relations and Security Network» (ISN) կայքում:
Ըստ հոդվածի հեղինակի` այս ամենը պաշտպանության ծախսերի կրճատման պատճառ կարող է դառնալ:
Նշվում է, որ Ադրբեջանի համար դժվար ժամանակներ են գալիս, հատկապես երկրի ղեկավարության, իշխանամետ ուժերի և բանակի համար:
«2013թ.-ի դեկտեմբերի 3-ին Բաքուն թույլատրեց Սակագնային խորհրդին բարձրացնել գազի և բենզինի գինը: Արդյունքում բենզինի գինը աճեց 33%-ով, իսկ բնական գազի գինը գրեթե կրկնապատկվեց: Այսպիսով, Ադրբեջանի քաղաքացիները այլևս էժան գազ ու բենզին չեն ունենալու»,- գրում է հեղինակը:
Այս ամենին հետևեց Պետական նավթային ֆոնդի հայտարարությունը այն մասին, որ 2014 թվականին ֆոնդի փոխանցումները պետբյուջե կրճատվելու են: Ըստ հաշվարկների այդ քայլը կհանգեցնի կառավարության ծախսերի 17-18%-ով կրճատմանը:
Նշվում է, որ այս քայլերի պատճառը նավթի արտադրության անկումն է:
«Ըստ հաշվարկների`2012թ.-ին Ադրբեջանը միջինում օրական 872 հազար բարել նավթ էր արտադրում: Միևնույն ժամանակ 2010թ.-ին օրական 1.02 մլն բարել է արտադրվել: Եվ չնայած Ադրբեջանը ակտիվորեն շարունակում է օգատգործել գազի պաշարները և զարգացնել արտադրողական հնարավորությունները, գազը չի կարող չեզոքացնել նավթի արտադրության անկումը»,- պարզաբանում է հեղինակը` նշելով, որ օրական գազի արտադրությունը նույնպես կրճատվել է 2010 թ.-ի 17.24 միլիարդ խորանարդ մետրից մինչև 15.6 միլիարդ խորանարդ մետր 2013թ. – ին:
Բացի այդ, հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի գազային սեկտորը բախվում է մի շարք դժվարությունների: Արևմուտքում աճում է այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը, ինչպես նաև շուկաներում գազի և նավթի անկայունությունը:
«Ներկայումս Ադրբեջանի տնտեսությունը բավարար չափի դիվերսիֆիկացված չէ, որպեսզի կարողանա հաղթահարել նավթի արտադրության անկումը, դրա ապացույցը այն է, որ շատ ադրբեջանցիներ շարունակում են ապրել ծայրաստիճան աղքատության մեջ»,- ընդգծում է հեղինակը:
Ըստ հոդվածի` նավթային եկամուտների կրճատումը կարող է պաշտպանության ծախսերի կրճատման պատճառ դառնալ: Հեղինակը գտնում է, որ ներկայումս Ադրբեջանը ի վիճակի չէ բարելավել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը և միևնույն ժամանակ շարունակել բարելավել իր ռազմական ուժը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները