«Մեր վայրէջքները պիտի կասեցնել. այս գիտակցումը բոլոր քաղաքական ուժերն ունեն կամ գոնե պարտավոր են ունենալ»
«Մի բան հստակ է՝ Հայաստանի սոցիալ- տնտեսական ու հոգեբարոյական մթնոլորտն անհապաղ սրբագրումներ է պահանջում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը` արձագանքելով մեր այն հարցին, թե ինչպես է վերաբերում ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի միավորմանը և որքանով այն կարող է արդյունավետ լինել։
Լ.Գալստյանի խոսքով` արտագաղթի գլխավոր ազդակը նախ մեր անհասկանալի, խարխափած երթն է ու դրանից սնվող հուսահատության ու անհեռանկարայնության մթնոլորտը. «Մեր վայրէջքները պիտի կասեցնել. կարծեմ այս գիտակցումը բոլոր քաղաքական ուժերն ունեն, կամ գոնե պարտավոր են ունենալ։ Իսկ իրականում ներքին բաժանարարներն ու բարիկադները գնալով թանձրանում են։ Արտաքին մարտահրավերների գնալով պայթուցիկ դարձող համատեքստում փոխանակ փորձենք կայունացնել ու ամրապնդել մեր ներքին համախոհության մթնոլորտը, ներքին թշնամիներ ենք փնտրում։ Բոլորի նյարդերը պրկված են ու Բաբելոնյան աշտարակի պես իրար լեզու չենք հասկանում։ Ակներև է՝ երկխոսության բանական ռեսուրսները սպառվել են ու կողմերը կամ բացառում են միմյանց կամ հայհոյանքի լեզվով խոսում, իսկ ավելի հաճախ՝ ատում միմյանց։ Սա բանական չի, սա հակազգային ու հակապետական է. երկիրն ու պետականությունն ենք մաշում»։
Այս ֆոնի վրա ցանկացած երկխոսություն, շարունակեց դաշնակցական գործիչը, քաղաքական գործակցության ձևաչափ, որ կկարողանա քաղաքական օրակարգ ձևավորել, կասեցնել մեր կորուստների ընթացքն ու ժողովրդին համոզիչ դառնալ, ընդունելի կհամարի։ Լ.Գալստյանի համար նկատելի է, թե ինչպես է քարոզչական մեքենան փորձում կասկածանքի, պիտակավորման, ուղղորդված թիրախների ճանապարհով վիժեցնել ընթացքը. «Այսօր, իսկապես բանակցության սեղանի շուրջ են նստել ուժեր, որ տարիներ առաջ անհամատեղելի պիտի համարվեին թե’ գաղափարական, թե’ քաղաքական վարքականոնի իմաստով։ Ինչու կասկածել… պահի թելադրանքը, ՀԱՆՈՒՆ-ը կարող է նաև այսպիսի ձևաչափեր ծնել»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ձևաչափի մասնակիցների հասցեին հնչում է քննադատություն, որ վերջիններս այնքան էլ լավ չեն հասկանում կամ մինչև վերջ անկեղծ չեն, թե ինչ արդյունք են սպասում այս ամենից ու մասնավորապես ուժերի խուսափողական պատասխանները ապագա կառավարության կազմի մասով կարծիքներ են ծնում, որ այս ամենի ետևում ՀՀ երկրորդ նախագահի մասնակցությունն է, արդյո՞ք կիսում է այդ կարծիքը, Լ.Գալստյանը նախ ասաց, որ կառավարության կազմի մասին խոսելը ոչ միայն վաղ է, այլև շրջանառության մեջ է դրվում վարկաբեկելու հնարավոր մնասնության գաղափարը:
«Կառավարությունը նախ բովանդակության շուրջ պիտի ձևավորել, ինչ և ինչպես անելու շուրջ, մի խոսքով այնպիսի համակարգի ձևավորման շուրջ, որը խմբային պատասխանատվության բացառիկ մանդատ պիտի ունենա և բացառի երկրի կառավարման ներկա փիլիսոփայությունը։ Խնդիրը անձերը չեն, այլ կառավարման ու խաղի կանոնների սահմանումը։ Գուցե մի քիչ քաղաքական ռոմանտիզմի դաշտն եմ մտնում՝ բարձրաձայնելով, որ այս ձևաչափում տեսնում եմ ազգային ներուժի հնարավոր սպեկտրը։ Ազգային համաձայնությունն է իմ նախընտրելի տարբերակը։ Միայն ազգային համաձայնությամբ ու համախոհությամբ կարող ենք վիճակ փոխել, միմյանց բացառելը կործանարար է»,- նշեց նա ու հավելեց` մեր քաղաքական ռեալիաների տխուր մի կողմն էլ այն է, որ մեր ողջ դիսկուրսը երեք նախագահների շուրջն ենք կառուցում, բայց սա ինչ-որ իմաստով բացատրելի է՝ նրանցից յուրաքանչյուրն այսօր խաղացող քաղաքական ուժերի հետ է ասոցացվում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները