Հայ փիլիսոփայի մասին, ով բարեփոխել է ադրբեջանական այբուբենը
Ադրբեջանական «Kultura.az» կայքը անդրադարձել է փիլիսոփա դիվանագետ Միրզա Մելիքի կերպարին, ով ադրբեջանցի գրող և ուսուցիչ Միրզա Ֆաթալի Ախունդովի հայ ընկերն էր: Հատկանշական է, որ ադրբեջանական կայքը շեշտադրում է այն փաստը, որ այդ հայը 19-րդ դարի վերջում օգնել է Ախունդովին ներկայիս Ադրբեջանի մուսուլմանական հասարակության համար ադրբեջանական այբուբենի բարեփոխման գործում:
«Ձեզ ուղարկված իմ բոլոր նամակները պահպանեք առանձին մատյանի մեջ: Մեր նամակները մեր մահվանից հետո սերունդների համար հազվագյուտ պատմական փաստատթուղթ են դառնալու»,- գրել էր Ախունդովը իր հայ ընկերոջը:
Բավականին հետաքրքիր է նաև Միրզա Մելիք խանի կենսագրությունը: Նրա հայրը` Հակոբը, ծնվել է Ջուղայում, հայկական ընտանիքում: Երիտասարդության տարիներին ապրել է Եվրոպայում, ուսումնասիրել է ֆրանսերեն և ռուսերեն լեզուները: Ավելի ուշ իսլամ է ընդունել, սակայն հստակ տվյալներ այդ մասին հայտնի չեն: Մելիք խանը ծնվել է 1833թ.-ին և 10 տարին լրանալուն պես ուղարկվել է Ֆրանսիա բարեկամների մոտ, որտեղ սովորել է հայկական դպրոցում, որից հետո պոլիտեխնիկական համալսարանում:
Իրան վերադառնալուց հետո Մելիք խանը անցել է դիվանագիտական ծառայության: 1864թ.-ին Ստամբուլում ապրելու ժամանակ ամուսնացել է տեղի հայ մեծահարուստ Առաքել Տոպչուբաշի աղջկա` Հենրիետայի հետ: Հատկանշական է, որ պսակադրության արարողությունը տեղի է ունեցել տեղի հայկական եկեղեցում:
1872թ.-ին Մելիք խանին նշանակել են Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան, ինչը մեծապես տխրեցրել է Ախունդովին:
«Իրանում հայտնվել էր միակ փիլիսոփա-գրողը և, դժբախտաբար, նրա արժեքը չգիտակցելով` նրան ուղարկել են Լոնդոն»,- գրել է նա Մելիք խանի հորը ուղարկած իր նամակներում:
Արաբական այբուբենը Ադրբեջանի մուսուլմանական հասարակության համար բարեփոխելու ընթացքում Ախունդովը հաճախ էր խորհրդակցել հայ փիլիսոփայի հետ:
«Մենք երկուսով, առաջ քաշելով այբուբենի բարեփոխումների հարցը, կատարել ենք մեր պարտքը մարդկության, ինչպես նաև մշակույթի զարգացման առաջ: Մեր անունները հավերժ կապրեն պատմության մեջ և եկող սերունդների կողմից կարտաբերվեն հպարտությամբ և հարգանքով»,- գրել է Ախունդովը Մելիքին:
Նշենք, որ Մելիք խանը պարսկերենով երկու արժեքավոր գործ է գրել նվիրված այբուբենի խնդիրներին` «Շեյխը և Վեզիրը» և «Զարգացման սկիզբը»: Բաքվում այս երկու գրքերը տպագրվել են 1905 և 1907 թվականներին թուրքերենով, սակայն օգտագործել են արաբական այբուբենը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները