Քաղաքական թիմերի սոցիալական կախվածությունը. Փաշինյան-Աշոտյան բանավեճ
«Տնտեսագիտական համալսարանի միջադեպը ցույց տվեց, որ բուհի ղեկավարությունը կամ ինչ-որ մարդիկ ուսանողների սոցիալական դժվարությունն օգտագործում են և իրենցից կախվածության մեջ դնելու, և քաղաքական նպատակներով օգտագործելու համար։ Սա շատ լավ օրենքի նախագիծ է, բայց ես, հաշվի առնելով բուհերի մթնոլորտը, մտավախություն ունեմ, որ նշված զեղչերն ու լիազորությունները անապահով ուսանողների համար ռիսկեր կպարունակեն»,- ԱԺ-ում «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ առաջարկող նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` մտավախությունը բացատրելով այն հանգամանքով, որ ֆինանսական այս զեղչերը կօգտագործվեն ՀՀԿ ուսխորհուրդների ամրապնդման համար:
Պատգամավորը, կոնկրետ դիմելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ասաց, որ հանրությունը պետք է ազդակ ստանա, որ հասցեատերը` որպես նախարար և Կառավարությունը մտահոգված են այդ հարցով:
«Ուզում եմ արձանագրել, որ այդ միջադեպերի հետ կապված Ձեր անտարբերությունը թույլ է տալիս մտածել, որ այդ ռիսկերը կան և, ցավոք, մեծանալու են: Իսկ քանի որ ռիսկ կա, այս օրենքի նախագիծը կօգտագործվի այդ քաղաքական արատավոր երևույթները բուհերում խորացնելու համար,- հայտարարեց Ն.Փաշինյանն ու հավելեց,- դրանք վերացնելու համար հասարակությունն ակնկալում եմ նախարարի և մյուս ներկայացուցիչների խիստ արձագանքը»:
Իր հերթին ԿԳ նախարարը հայտարարեց, որ այսօր մտադիր չէ «սուր խաչելու» և հիշելու Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը, որին հղում էր անում Ն.Փաշինյանը:
«Ձեր հարցադրման ձևն այնպես է, որ թե Ձեզ, թե ինձ հարիր չէ խնդիրը ևս մեկ անգամ հրապարակավ ծամելու: Ես իմ տեսակետը արտահայտել եմ, Դուք ՝ Ձերը։ Մենք գիտենք երկուսիս տեսակետները. ոչ Դուք եք ինձ համոզելու, ոչ էլ ես Դեզ: Եվ չեմ հավակնում Ձեզ նման անձնավորությանը մտքափոխ անել որդեգրած քաղաքականության շրջանակներում»,- հայտարարեց Ա.Աշոտյանը:
Նախարարի խոսքով` սոցիալական խնդիրներ, իհարկե, առկա են, որոնք կարող են սահմանափակել նաև որոշ ուսանողների կարողությունները։ Բայց այս օրենքը «հակահանրապետական է», որովհետև, եթե նախկինում, մինչև այս օրենքի ընդունումը 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ ուսանողը պետք է, ըստ Ն.Փաշինյանի, կախվածության մեջ ընկներ ՀՀԿ ուսխորհրդից, օրենքներից և այլն, որպեսզի զեղչ ստանար, ապա այսօր այդ զեղչը երաշխավորված է:
«Այդ ուսանողին տրվելու է ազատություն։ Ձեր տրամաբանության մեջ, դիցուք, Դուք ճիշտ եք… դժվարությամբ եմ դա ասում, բայց այս պարագայում անգամ շատ կարևոր օրենք է, որը տալիս է ոչ թե կախվածություն, այլ ազատություն, քանի որ երաշխավորում է և ոչ թե կամայական որոշման տակ դնում այս կամ այն անհատին»,- հավելեց նախարարը։
«Եթե քաղաքական թիմերի սոցիալական կախվածությունից եք խոսում, ապա առաջին հերթին պետք է ռևիզիայի ենթարկեք Ձեր խմբակցությանը, որովհետև տասնյակ են այն դեպքերը, երբ մարդիկ միջանցքներում քննարկման ժամանակ խիստ դեմ են արտահայտվում օրենքներին, ասում, որ դրանք անթույլատրելի են, բայց գալիս են ու կողմ քվեարկում։ Սա էլ ձեր ասած քաղաքական թիմերի սոցիալական կախվածության հերթական օրինակներից մեկն է, իսկ թե ումից են կախված, կարծում եմ բոլորն էլ գիտեն՝ օլիգարխիայից և այդ կարգի խմբավորումներից»,- հակադարձեց Ն.Փաշինյանը։
Ա.Աշոտյանն էլ ասաց, որ վստահ էր, որ Փաշինյանը դեռ կշարունակի այս երկխոսությունը, բայց չի հասկանում, թե ինչու իր տեսական դիտարկումը, թե ողջ քաղաքական թիմեր են մտնում սոցիալական կախվածության մեջ պատգամավորը` միտումնավոր թե ոչ պրոեկտում է ինչ-որ թիմերի վրա;
«Այդ դեպքը, որի մասին դուք հետևողական խոսում եք, չեմ դիտարկում որպես ապօրինություն, հատկապես որ ի տարբերություն բազմաթիվ լուրջ գործ չարած գործիչների, ուսանողներն այդ ունեցան խիզախություն և կարողացան ներողություն խնդրել։ Բայց ես չլսեցի ներողություն բառը քաղաքական բանավեճերում այս ընթացքում հնչեցրած վիրավորանքների համար։ Այն, ինչ կարելի է պատգամավորին, կարելի է նաև նախարարին և բարի եղեք լսել։ Ոչ թե որովհետև մենք հատուկ ջանքեր ենք գործադրում, այլ որովհետև մենք ավելի շատ կարողություն ունենք ավելին ասելու ու անելու համար,- շեշտեց Արմեն Աշոտյանն ու հավելեց,- բոլորիս համար ինչ-որ պահ կանգ առնելու ժամանակն է, բայց այդ ասածը չի վերաբերում պարոն Փաշինյանին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները