Շուշան Պետրոսյանը ապակողմնորոշո՞ւմ է ողջ հասարակությանը. Մշակույթի նախարարի պատասխանը
«Ճանաչում եմ թեկնածուներից մի քանիսին, նրանք ակնհայտորեն մշակույթի գործիչներ են: Բայց ուզում եմ հարցնել՝ ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվելու տնօրենի թեկնածուների հետ կապված»,-Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին այսպիսի հարցով դիմեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանը՝ կապված Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հետ:
Նախարարն ասաց, որ առաջնորդվում է ոչ թե ինքը, այլ առաջնորդվելու են ՊՈԱԿ-ների մասին օրենքով, այսինքն՝ մրցույթն անցկացնելու համարստեղծելու է հանձնաժողով: Ըստ Հ. Պողոսյանի, կարևոր է նաև, թե ինչ հայեցակարգ կներկայացնեն թեկնածուները. «Կառավարմամ ոլորտը մարդուց պահանջում է որոշակի գիտելիքներ, և միայն մեկ ոլորտի գիտելիքները բավական չի լինելու, իսկ հանձնաժողովը սահմանված կարգով կանցկացնի մրցույթը»:
ՀՀԿ-ական պատգամավորն էլ ասաց, որ տնօրենի պաշտոնի համար գրանցված ինը թեկնածուներից միայն մեկն է ներկայացրել ծրագիր:
«Խնդրում եմ նման հայտարարություններ չանել, որովհետև ապակողմնորոշում եք ողջ հասարակությանը»,-պատասխանեց Հասմիկ Պողոսյանը՝ հավելելով, որ բոլոր թեկնածուներն էլ ներկայացրել են անհրաժեշտ փաստաթղթեր ու հայեցակարգը:
Մշակույթի ոլորտի պատասխանատուի դիտարկմամբ, պետք է զգույշ լինենք, որովհետև առաջին անգամ տնօրենը ոչ թե նշանակվում է, այլ ընտրվում է՝ օրենքի բոլոր կանոններով բաց ու թափանցիկ:
Նշենք, որ նախօրեին ԱԺ հայտարարությունների ժամանակ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանն էր անդրադարձել նույն հարցին: Ըստ նրա, օպերայի թատրոնը շարքային ՊՈԱԿ չէ, և դրան մշակութային համակարգում բացառիկ դեր է վերապահված: Նա առաջարկել էր, մրցույթից առաջ մի պահ դադար առնել, վերաիմաստավորել այդ թատրոնի դերն ու նշանակությունը, մասնագիտական-փորձագիտական խոր քննարկումներ անցկացնել, մոդելի ընտրություն կատարել, մշակել զարգացման հայեցակարգ, ռազմավարություն և նոր միայն առաջ գնալ:
Հիշեցնենք, որ մշակույթի նախարարությունը «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարել էր մրցույթ: Դիմումներ ընդունվել են մինչև մարտի 15-ը: Ինը հոգի մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել: Մրցույթը կկայանա ապրիլի 4-ին:
Հիշեցնենք նաև, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանը փետրվարի 17-ին անձնական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են