Ռոբերտ Ահարոնյան. Մենք արմատական ընդդիմություն ենք
Ժողովրդահայրենասիրական Առաջադիմական Սոցիալիստական կուսակցության կազմկոմիտեի ղեկավար Ռոբերտ Ահարոնյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վերոնշյալ կուսակցության ստեղծման մասին` հավելելով, որ իրենք այսուհետ «արմատական ընդդիմություն են»:
«Եկել է ժամը, որ մենք կարող ենք մեզ հայտարարել ընդդիմություն: Ընդդիմություն ոչ միայն իշխանությանը, այլ նաև Հայաստանում գործող բոլոր կապիտալիստական կուսակցություններին»,- նշեց Ռոբերտ Ահարոնյանը` մանրամասնելով, որ դա վերաբերում է նաև «կեղծ ընդդիմություն խաղացող` խորհրդանական և ոչ խորհրդարանական կուսակցություններին»:
«Պառլամենտական կուսակցություները միավորվում են իր իրար հետ Օպերայի հրապարակում 1000 մարդ չեն հավաքում: Ժողովուրդը հիասթափված է քաղաքական դաշտից, որովհետև չի տեսնում մի քաղաքական ուժ, որը կշեղվի կապիտալիստական գաղափարախոսությունից` դեպի սոցիալիզմ»,- ասաց Ռ. Ահարոնյանը:
«Քաղաքականություն Հայաստանում ընդհանրապես չկա: Քաղաքականությունը շեղված է մանր խնդիրների վրա: Մեր գլխավոր խնդիրը Հայաստան սոցիալիզմ բերելն է»,- հայտարարեց Ռ. Ահարոնյանը, ապա հավելեց, որ ներկայում առկա բոլոր խնդիրները կապիտալիստական համակարգի ծնունդ են:
Վերջինս խոսքերով` Հայաստանում կա ձախ թևի քաղաքական ուժերի միավորման անհրաժեշտություն, որը և իրականացնելու է իր գլխավորած քաղաքական ուժը:
«Այսօրվա իշխանություններին մենք սատարելու ենք միայն մեկ հարցով: Դա Մաքսային միությանը անդամակցության հարցն է: Մենք գերազանց հասկանում ենք, որ մեր ժողովրդի միակ փրկությունը Մաքսային կամ Եվրասիական միության մեջ է: Մենք պետք է թույլ չտանք, որ Հայաստանում հանկարծ սկսվի Մայդան»,- նշեց Ռ. Ահարոնյանը:
Ռոբերտ Ահարոնյանը շեշտեց, որ իրենք ունեն շուրջ 2000 անդամ, իսկ ֆինանսական հարցերը կարգավորելու են անդամավճարների և կուսակից ընկերների «անձական միջոցների» կիրառմամբ: