Վարդան Պետրոսյանի մեքենայի արագությունից Էդվարդ և Էդգար Հակոբյանների թոքն ու լյարդը պայթել է. Տուժող կողմի արձագանքը
Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի 3D մոդելավորված տարբերակի երեկվա շնորհանդեսը «շատ վատ, բացասական» տրամադրություններ է առաջացրել վթարի հետևանքով տուժած Հակոբյանների ընտանիքի անդամների շրջանում: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց տուժող կողմի ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի անդամ և ավտովթարների գործերով մասնագիտացած փաստաբան Ռուբեն Բալոյանը:
Նրա կարծիքով, նման գործողությունները Հակոբյանների մոտ էլ ավելի են խորացնում Վարդան Պետրոսյանի հանդեպ ունեցած թշնամանքը:
Փաստաբանի համար տարօրինակ է, թե ինչ տվյալների հիման վրա է կատարվել մոդելավորում, եթե Վարդան Պետրոսյանը նախաքննության ընթացքում հրաժարվել է ու ընդհանրապես ցուցմունք չի տվել:
«Ինքը` Վարդան Պետրոսյանը, ցուցմունք չի տվել, բայց արդեն պաշտպանական կողմը փորձագետին հարցեր է առաջադրել, որ ասենք` ինքն ընթացել է աջ գոտով և այլն: Այդ որտեղի՞ց է վերցրել, որ ինքն աջ գոտով է ընթացել, կա՞ էդպիսի ցուցմունք, չկա,՛ այդ դեպքում, ինչի հիման վրա են մոդելավորում կատարել», -տարակուսած է տուժող կողմի ներկայացուցիչը:
Պաշտպանական կողմի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի երեկվա հայտարարություններից Ռուբեն Բալոյանը եզրակացրել է, որ տուժող կողմին, մասնավորապես, «Նիվա»-ի վարորդ Արթուր Հակոբյանին դատապարտում են ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար:
«Մարդուն դատապարտում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որը վթարի առաջացման պատճառ է հանդիսացել: Մարդուն չեն կարող դատապարտել, եթե առանց թույլտվության գազի բալոն է տեղադրված եղել մեքենայի մեջ: Ստացվում է, որ եթե Արթուր Հակոբյանի ավտոմեքենայի մեջ գազի բալոն է տեղադրված եղել, ուրեմն Արթուր Հակոբյանը մեղավոր է վթարի մեջ: Պաշտպանական կողմի տրամաբանությամբ էդպես է ստացվում` գազի բալոն չի եղել, հայելիներ չեն եղել, ապակիները չափից դուրս մգեցված են եղել, ուրեմն վթարի մեջ մեղավոր պետք է ճանաչվի Արթուր Հակոբյանը», -ներկայացրեց փաստաբանը:
Մինչդեռ Բալոյանի պնդմամբ, իրականությունն այլ է, և վթարի առաջացման պատճառը հենց Վարդան Պետրոսյանի կողմից վարած մեքենայի արագությունը գերազանցելն է:
«Երիտասարդ Հակոբյանների մահվան հետ ուղղակի կապ ունի գերազանցված արագությունը: Անհրաժեշտության դեպքում մենք դատարան կհրավիրենք դատաբժշկին և նա էլ կօգնի հասկանալ. հարվածն այնքան ուժգին է եղել, որ Էդգարի ու Էդվարդի թոքն ու լյարդը տրաքել է: Սա աննախադեպ հարված է: Եթե Վարդան Պետրոսյանը չխախտեր արագության այս տարրական կանոնը և մեքենան վարեր 60կմ/ժ արագությամբ, հավատացեք, որ ոչ մեկին մարմնական վնասվածք չէր պատճառվի: Մարմնական վնասվածքները և երեխեքի մահը ուղղակիորեն կախված է Վարդան Պետրոսյանի մեքենայի արագությունից»,- հավելեց փաստաբան Բալոյանը:
Նա ևս մեկ անգամ պնդեց, որ Վարդան Պետրոսյանը գտնվել է ոչ սթափ վիճակում:
«Այս հարցը ես դատական փուլում քննության առարկա եմ դարձնելու: Ժողովուրդը պետք է հասկանա, որ պատգարակի վրա գտնվող Վարդան Պետրոսյանը չէր կարող խմածությունն ստուգման տեստ անցնել», -նկատեց Ռուբեն Բալոյանը:
Հարակից հրապարակում`
«Նիվա»-ի վարորդը խախտումներ է արել. Ներկայացվել է Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի մոդելավորված տարբերակը (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները