Արման Սաղաթելյան. Հայաստանի նախագահը Հաագայում շփումներ է ունեցել բազմաթիվ երկրների ղեկավարների հետ, այդ թվում` Ի. Ալիևի
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները խոսել են Հաագայում միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակում:
Վերոնշյալի վերաբերյալ, Panorama.am-ը դիմել է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանին՝ խնդրելով մեկնաբանել Ուորլիքի խոսքերը:
-Պարոն Սաղաթելյան, ինչպես տեղեկացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն իր հաղորդագրության մեջ, Հաագայում եղել է Նախագահներ Սարգսյանի և Ալիևի հանդիպում: Այդպես է արդյո՞ք, և եթե այո, ապա ինչու այն չի լուսաբանվել:
-Հաագայի Միջուկային անվտանգության գագաթնաժողովի երկօրյա աշխատանքների ընթացքում ընդմիջումների ժամանակ, ճեմասրահում Նախագահ Սերժ Սարգսյանը շփումներ է ունեցել բազմաթիվ երկրների ղեկավարների հետ: Սրանք շատ ընդունված ձևաչափի շփումներ են, որոնք սովորաբար չեն արձանագրվում պաշտոնական հաղորդագրություններում: Նախագահ Ալիևի հետ նույնպես նման շփում եղել է Հաագայում: