Ո՞ւր կվերադարձվի Ամստերդամում գտնվող Ղրիմի մշակութային ժառանգության մաս կազմող սկյութական ոսկին (լուսանկարներ)
Ներկա պահին «Ղրիմ. Սև ծովի ոսկին և գաղտնիքները» ցուցահանդեսում ներկայացված սկյութական ոսկու հավաքածուի մի մասը գտնվում է Ամստերդամում: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»:
Կիրակի ԶԼՄ-ներով տեղեկատվություն էր տարածվել, թե հնարավոր է հավաքածուն չվերադարձվի Ղրիմ, եթե Նիդեռլանդները ցուցամուշներն ուղարկեն Ուկրաինայի մշակույթի նախարարություն: Ամստերդամի համալսարանի իրավաբաններն այժմ քննարկում են ղրիմական ոսկու վերադարձի հարցը:
«Ղրիմ. Սև ծովի ոսկին և գաղտնիքները» խորագրով ցուցահանդեսը բացվել է փետրվարի սկզբին Ամստերդամի հնագիտական թանգարանում: Այնտեղ ներկայացված են ղրիմական հինգ թանգարանների հնագիտական գտածոներ, ցուցանմուշների մեջ կան նաև ոսկե արտեֆակտեր, սաղավարտ, թանկարժեք քարեր: Մինչ այս, ցուցահանդեսը ներկայացվել է գերմանական Բոնն քաղաքում:
«Ցուցանմուշները կմնան Նիդեռլանդներում մինչև օգոստոսի վերջ, երբ ավարտվի ցուցահանդեսը: Այնուհետև դրանք կվերադարձվեն՝ հաշվի առնելով սեփականության իրավունքը ցուցանմուշների նկատմամբ: Հաշվի առնելով այս հարցի բարդությունը, թե ինչ կերպ են դրանք վերադարձվելու, ներկա պահին քննարկում են Ամստերդամի համալսարանի իրավաբանները: Լրացուցիչ խորհրդատվություն ստացել ենք նաև Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունից»,- ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում ասել է համալսարանի ներկայացուցիչը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն հայտարարել էր, որ ղրիմական թանգարանների սկյութական ոսկին, որն այժմ գտնվում է Ամստերդամում, պետք է վերադարձվի Ղրիմ: Նրա խոսքով, կարող է լինել այդ առարկաների վերադարձի տարբեր մեխանիզմներ, բայց, անկասկած, քանի որ դա հենց Ղրիմի մշակութային ժառանգության մասն է, «դրանք պետք է վերադարձվեն Ղրիմ»: