«Հարսնաքար»-ի գործով գնահատականներ կլինեն. Գևորգ Կոստանյան
«Հարսնաքար»-ի գործով դատական նիստի արձանագրությանը ծանոթանալուց հետո գնահատականներ կտրվեն` արդյոք մենք խոսում ենք քրեաիրավական դրսևորումների մասի՞ն, թե՞ ոչ: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչպես է գնահատում դատարանում վճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցած միջադեպը, հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Մարտի 24-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը և Նորայր Հայրապետյանը դատապարտվել են 12 տարի ազատազրկման:
Հիշեցնենք`«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծի հետևանքով մահացել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, իսկ նրա ընկերները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել:
Բոլոր վեց ամբաստանյալներին առաջադրվել էր նույն մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը, 113-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը և 118-րդ հոդվածով՝ ծեծը:
Այս գործով մեղադրող դատախազը դատարանին միջնորդել էր բոլոր 6 ամբաստանյալներին դատապարտել 13-ական տարվա ազատազրկման և տուգանքի` 100 հազար դրամի չափով:
Դատավճիռը շատ բուռն ընդունվեց և մեղադրյալների, և նրանց հարազատների կողմից. Ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանն ու Գարիկ Մարգարյանը սկսեցին հայհոյանքների տարափ տեղալ տուժող կողմի ներկայացուցիչների հասցեին և նույնիսկ հարձակման փորձ կատարեցին, սակայն ոստիկանության ծառայողները կանխեցին նրանց գործողությունները: Գարիկ Մարգարյանի մայրը անիծում էր տուժող կողմի ներկայացուցիչներին ու անգամ ինչ-որ իր նետեց դատավորի ուղղությամբ:
Նախորդիվ`
Արտակարգ պատահար Հարսնաքարի գործով դատավճռի հրապարակման ժամանակ (տեսանյութ)
«Սատկեք դուք, թաղեմ ձեզ». Հայհոյանքներ ու անեծքներ «Հարսնաքար»-ի գործով դատավորի և փաստաբանի հասցեին (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան