Սամվել Զաքարյան. Հիմնական նպատակը դեղերի ստվերային շրջանառության նվազեցումն է
«Դեղերի ոլորտն առողջապահության համակարգում կարևորագույն նշանակություն ունի և մշտապես գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում։ Պատահական չէ, որ հանրապետության Նախագահը 1,5 տարի առաջ հանձնարարեց մանրամասն վերլուծել ոլորտի առաջնահերթ խնդիրները և լուծումներ տալ դրանց։
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծն այսօր ՀՀ կառավարության հաստատման փուլում է։ Մանրամասն քննարկումների արդյունքում դրանում ամրագրված դրույթներով արտացոլված են դեղերի կենսաշրջանառության ողջ շղթայում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները` որակյալ և անվտանգ դեղերով բնակչության ապահովում, դրանց ֆիզիկական և տնտեսական մատչելիություն, ապահովման սոցիալական արդարության սկզբունքներ, դեղերի տեղական արտադրության խթանում։ Օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի «Լիցենզավորման մասին», «Գովազդի մասին» և գործող մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկով»,-մինչ ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստի օրակարգին անցնելն ասել է Դերենիկ Դումանյանը։ Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարության մամուլի բաժնից:
Ստեղծվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչություն, որը վերահսկողական գործառույթներ է իրականացնելու նաև դեղերի շրջանառության ոլորտում:
Այս ոլորտում նախարարությունը հաջողությամբ համագործակցում է ՀՀ դեղ արտադրողների և ներմուծողների միության հետ։
Նախորդ կոլեգիաներից մեկում հավանության է արժանացել միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանի կողմից ներկայացված Հայաստանի դեղագործական ոլորտի մարկետինգային գործունեության կանոնագրքի նախագիծը։ Այս անգամ կոլեգիայի քննարկմանը ներկայացվեցին դեղերի ստվերային շրջանառության դեմ պայքարի հակակոռուպցիոն ծրագրի հիմնական դրույթները։
ՀՀ դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահը նախ նշել է, որ ԱՊՀ երկրների համեմատ Հայաստանում դեղի շուկայում առավել բարվոք վիճակ է թե՛ կեղծ դեղերի առկայության, թե՛ վերահսկողության առումով։ Եվ նման ծրագիր մշակելու շարժառիթը ոլորտի կարևորությունն ընդգծելն ու աշխարհում կենսաահաբեկչության վտանգի պայմաններում դեղի շրջանառության բոլոր օղակներում առավել քաղաքակիրթ կանոնների սահմանումն է։
Բանախոսն ընդգծել է, որ ծրագրի հիմնական նպատակը դեղերի ստվերային շրջանառության նվազեցումն է, որն էլ կհանգեցնի կոռուպցիոն ռիսկերի մակարդակի իջեցմանը:
Քննարկման ընթացքում կոլեգիայի անդամներն անդրադարձել են դեղի շրջանառության բոլոր օղակներին։ Ընդգծվել է, որ նոր օրենքի պահանջով կլիցենզավորվեն նաև դեղերի մեծածախ առևտրով զբաղվողները, որով կլրացվի այդ ողջ շղթայի նկատմամբ պարտադիր պահանջ, պայմանների կիրառումը։ Կարևորվել է նաև բժիշկ-դեղատուն փոխհարաբերություններում ստվերային երևույթների բացառման մեխանիզմների ստեղծումը։ Դերենիկ Դումանյանն այս առումով ներկաների ուշադրությունը հրավիրել է դեղատների վարկանիշավորման գաղափարի վրա` ընդգծելով, որ այն կարող է լուրջ խթան հանդիսանալ դեղատների առավել թափանցիկ գործունեության համար։ Նախարարը ՀՀ դեղ արտադրողների և ներմուծողների միությանն առաջարկել է համագործակցել նաև այդ նպատակով չափորոշիչներ մշակելու գործում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա