ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան չի ընդունել Ղրիմում կայացած հանրաքվեն
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որտեղ նշվում է, որ Ղրիմում օրերս կայացած հանրաքվեն օրինական ուժ չունի:
«Գլխավոր ասամբլեան ընդգծում է, որ Ղրիմի ավտոնոմ հանրապետությունում և Սևաստոպոլում մարտի 16-ին անցկացրած հանրաքվեն, որը չունի օրինական ուժ, չի կարող հիմք հանդիսանալ Ղրիմի ավտոնոմ հանրապետության և Սևաստոպոլի կարգավիճակի ցանկացած փոփոխության համար», -նշվում է ընդունված բանաձևի մեջ, գրում է «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը:
ՄԱԿ-ի ԳԱ-ն կոչ է արել բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին ու մասնագիտացված կառույցներին չընդունել Ղրիմի կարգավիճակի փոփոխությունը և «ձեռնպահ մնալ նման կարգավիճակի ընդունմանն ուղղված քայլերից կամ գործողություններից»:
Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչող բանաձևին կողմ քվեարկել է 100 երկիր, դեմ` 11, իսկ 58 երկիր էլ ձեռնպահ է քվեարկել: