Ալեքսանդր Արզումանյան. Երեկվա քվեարկությունը եվրաինտեգրման դագաղի վերջին մեխն էր
«ՄԱԿ-ում մեր քվեարկությունը մեր ազգային ամոթն է, ստրուկի կարգավիճակով մենք երբեք հանդես չենք եկել»,- Եվրամիություն - Հայաստան հարաբերությունները և դրանց արտացոլումը Հայաստանի ներքաղաքական կյանքում» թեմայով կլոր սեղանի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անցկացվել է քվերակություն՝ Ղրիմի թերակղզում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն օրինական չճանաչող «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» բանաձևի ընդունման համար։ Քվեարկության արդյունքում բանաձևին կողմ արտահայտվեց 100 երկիր, 58-ը ձեռնպահ մնացին, իսկ դեմ քվեարկեց 11 երկիր՝ այդ թվում նաև Հայաստանը։
Նշենք, որ կլոր սեղանի կազմակերպիչն էր Երևանի մամուլի ակումբը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
Ա. Արզումանյանն ասաց, որ որևէ մեկը չէր սպասում, որ Հայաստանը պետք է դատապարտի Ռուսաստանին, բայց կարող էր չեզոք դիրքորոշում որդեգրեր: Քաղաքական գործիչը նշեց, որ Վրաստանի ու ՌԴ-ի միջև ծագած պատերազմի ժամանակ Հայաստանը կարողացավ ցույց տալ չեզոք դիրքորոշում, ցույց տալ, որ Հայաստանն էլ ունի ազգային շահ:
«Երեկվա քվեարկությունը եվրաինտեգրման դագաղի վերջին մեխն էր: Մենք մեզ դիրքավորել ենք Վենեսուլայի, Սուդանի և մի քանի նման պետությունների շարքում: Այլևս խոսել, որ ունենք եվրոպական նկրտում, … Ունենք վենեսուլական նկրտում: 194 երկրներից մտնում ենք տասի մեջ, որի հետ աշխարհում որևէ մեկը հաշվի չի նստում»,- ասաց Ա. Արզումանյանը: