«Կուտակային»-ՍԴ. Արծվիկ Մինասյանը թվարկել է սնանկացած կուտակային ֆոնդերը և մատնանշել միջազգային փորձը
Աշխարհում եղել են կենսաթոշակային կուտակային ֆոնդեր, որոնք իրենց գործունեության ընթացքում սնանկացել են, ինչի արդյունքում քաղաքացիները կորցրել են իրենց գումարները մինչդեռ Հայաստանի կառավարությունը հայտարարում էր, թե նման նախադեպ չկա: Այսօր Սահմանադրական դատարանում կենսաթոշակային համակարգի վերաբերյալ օրենքի քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«2013 թվականի նոյեմբերին Ռուսաստանում 6 ընկերություն զրկվել է լիցենզիայից և հազարավոր քաղաքացիներ կորցրել են իրենց գումարները: 2003-ի օգոստոսին «Ստիմուլ ֆոնդ» անունով ընկերությունը, որը 50 խոշոր ֆոնդերից մեկն է եղել, ևս սնանկացել է: Այս փաստերը վկայում են, որ համակարգը պարունակում է ռիսկեր և այն հայտարարությունները, թե կուտակված գումարները անձեռնմխելի չեն ու չեն կորի, 100 տոկոսով երաշխավորված չէ»,-վերլուծությունը ներկայացնելիս հայտարարեց պատգամավորը:
Նա նաև վկայակոչեց միջազգային կառույցների` Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի փորձագետների եզրակացությունները, որոնց համաձայն կուտակային համակարգը պետք է վերանայել, քանի որ անձնական պարտադիր կուտակային կենսաթոշակային գումարներ վարելու համար անհրաժեշտ է ունենալ պետական պարտատոմսերի և արժեթղթերի զարգացած շուկաներ: Նույն եզրակացության համաձայն, Մինասյանի փոխանցմամբ, նոր համակարգը բյուջեի վրա պետք է դառնա ծանր բեռ, ինչի արդյունքում բյուջեի դեֆիցիտը կվերանա, քանի որ պետությունը ևս 5 տոկոս՝ առավելագույնը՝ 25 000 դրամ իր կողմից պետք է ուղղի ֆոնդեր:
Շարունակելով ներկայացնել միջազգային փորձը, դաշնակցական պատգամավորը մատնանշեց, որ Նիկարագուան 2000 թվականին նման օրենք ընդունելուց հետո 2004-ին Համաշխարհային բանկի խորհրդատվությամբ որոշեց օրենքը չկիրառել: Պատճառը, ըստ նրա, նոր համակարգի անցման հետ կապված բարձր ծախսերը և աշխատողների՝ համակարգին ցածր մասնակցությունն է եղել: Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ՝ Հունգարիան, Էստոնիան, Լիտվան, ըստ պատգամավորի վերլուծության, ևս վերանայել են պարտադիր համակարգի կիրառումը՝ ժամանակավորապես կասեցրել են այն, իսկ տոկոսադրույքները՝ նվազեցրել:
Նախորդող հրապարակումներ`
Ո՞ր համակարգին են կողմ դիմողները. ՍԴ անդամների հարցերը
Դիմող կողմը պնդում է` պարտադիր կուտակայինի ներդրման արդյունքում աղքատությունը կխորանա
Սահմանադրական դատարանում դիմող կողմը ձևակերպեց պահանջը
Սահմանադրական դատարանում մեկնարկել է վիճահարույց օրենքի հարցով քննությունը
53 փաստաթղթի փաթեթ միայն Կենտրոնական բանկից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները