Ա.Ռուստամյան. Բոլոր ուժերի ներկայությունը պատվիրակությունում անկասկած ավելի մեծ հնչեղություն կհաղորդեր այդ այցելությանը
Քեսաբի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների, Հայաստանի դիվանագիտության համարժեք արձագանքի և Սիրիա մեկնած ԱԺ պատվիրակության կազմում չընդգրկվելու մասին Panorama.am-ը զրուցեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ:
-Պարոն Ռուստամյան, արդեն հայտնի է, որ Քեսաբում վարձկանների թվում եղել են նաև ադրբեջանցիներ: Հայաստանը, ինչպես հայտարարեց ԱԺ նախագահը, իրավասու չէ միջամտել այլ երկրի ներքին գործերին.... բայց հիմա ինչպե՞ս պետք է արձագանքենք:
-Ես կարծում եմ, որ այստեղ առանց միջամտելու Սիրիայի ներքին գործերին իրավունք ունենք անհանգստանալու մեր հայրենակիցների ճակատագրով Սիրիայում: Եվ, բնականաբար, միջազգային բոլոր նորմերին ու չափանիշներին համապատասխան իրավունք ունենք մեր կողմից նաև ջանքեր գործադրել, որպեսզի պաշտպանվեն սիրիահայերի ամենատարրական իրավունքները, որովհետև դրանք վեր են ցանկացած իրավունքներից: Սա միջազգային պրակտիկայում բազմաթիվ նախադեպերով անգամ արձանագրված է: Եվ ուրեմն մենք իսկապես պետք է երկու ուղղությամբ շատ կոնկրետ քայլեր կատարենք. Սիրիայի իշխանությունների հետ միասին համատեղ միջոցառումներ ձեռնարկենք` ամրապնդելու սիրիահայերի անվտանգությունը և քայլեր կատարենք ինքնապաշտպանության մակարդակը բարձրացնելու: Մանավանդ այն վայրերում, որտեղ հայության կոմպակտ բնակավայրեր կան:
Մասնավորապես հստակ դարձավ, որ Քեսաբը նաև օտար, հարևան պետության շահերի գոտում է գտնվում և բնականաբար փաստեր կան, որ դրսից միջամտություններ են արվում, ամեն մեկը փորձում է այս խառը իրավիճակից օգտվել` հօգուտ իր նպատակների: Այս պայմաններում, բնական է, մենք չենք կարող դիտորդի կարգավիճակում լինել: Եվ երկրորդ. Հայաստանը պետք է դիվանագիտական շատ ակտիվ քայլեր նախաձեռնի, որպեսզի նույն միջազգային կազմակերպությունների օրակարգի գլխավոր խնդիրներից մեկը դառնա սիրիահայերի իրավունքների պաշտպանությունը` ի թիվս բոլոր այն ազգային փոքրամասնությունների խնդիրների, որոնք արծարծվում են նրանց իրավունքների պաշտպանության առումով անհրաժեշտ քայլերի և միջազգային երաշխիքների ապահովման գործընթացի կոնտեքստում:
-Հաշվի առնելով հայկական դիվանագիտության անցած ուղին Դուք սպասո՞ւմ եք, որ համարժեք պատասխան-գործողություններ կլինեն և միջազգային հանրությունն էլ, ըստ այդմ, համարժեք կարձագանքի:
-Ես հուսով եմ, որ սա այն հարցն է, որ այստեղ պետք է բոլորս էլ նույն կերպ մտածենք: Ի վերջո, սա ընդդիմություն-իշխանություն դաշտում չէ, այլ համազգային նշանակության խնդիր է և չեմ պատկերացնում, որ որևէ իշխանություն համազգային նշանակության խնդիրները փորձի անտեսել:
-Դաշնակցության լոբբին դրսում շատ ուժեղ է ... ինչո՞ւ Սիրիա մեկնած պատգամավորական խմբում ՀՅԴ-ից ոչ մեկը չներգրավվեց:
-Դա պետք է հարցնել նրանց, ովքեր ձևավորեցին պատվիրակության այդ կազմը: Այդ մոտեցումը մեզ համար իսկապես անընդունելի է.... Իհարկե, Դաշնակցությունը այդ պատվիրակություններով չէ, որ պետք է այնտեղ ներկա լինի, մենք կառույցներ ունենք Սիրիայում և ինչ էլ այնտեղ կատարվում է, կատարվում է մեր կառույցների անմիջական մասնակցությամբ ու միջոցով, մանավանդ Քեսաբում: Բնականաբար, մենք դրա կարիքը չունենք` այնտեղ ներկա լինելու, բայց խնդիրն այն է, որ եթե պաշտոնական պատվիրակություն է գնում ԱԺ-ից, նաև հարցին համապատասխան նշանակություն ու հնչեղություն ապահովելու համար է անհրաժեշտ, որ այն կազմավորված լինի քաղաքական բոլոր ուժերից և խոսքը միայն Դաշնակցության մասին չի: Բոլոր ուժերի ներկայությունը պատվիրակությունում անկասկած ավելի մեծ հնչեղություն կհաղորդեր այդ այցելությանը:
-Իսկ Դաշնակցության ծրագրերն ինչպիսի՞ն են:
-Մենք, իհարկե, այցելություններ նախատեսել ենք և այդպիսի պատվիրակություններ անպայման Հայաստանից էլ կգնան, մոտ ժամանակներս սպասվում է այդպիսի այցելություն, դրա ականատեսը կլինեք: Սա մեր համար առօրեական բնույթ կրող գործընթաց է, որը մինչև հիմա էլ ենք կատարել և սրանից հետո էլ շարունակելու ենք: