«Կուտակային»-ՍԴ. Դիմող կողմը պնդում է` պարտադիր կուտակայինի ներդրման արդյունքում աղքատությունը կխորանա
Պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման արդյունքում քաղաքացիների կողմից սպառումն էլ ավելի կիջնի պարենային գծից, որի արդյունքում աղքատության խորությունը կմեծանա: Այդ մասին քիչ առաջ Սահմանադրական դատարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վիճարկման հարցի քննության ժամանակ հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` ներկայացնելով դիմումում նշված խնդիրներն ու համակարգի ներդրման հետ կապված մտահոգությունները:
Պատգամավորի խոսքով, ընդունելի չի կարող լինել պարտադիր կուտակային բաղադրիչի կողմնակիցների այն փաստարկը, որ պարտադիր բաղադրիչն արժանապատիվ կենսաթոշակ է ապահովելու ապագա սերունդների համար, քանի որ պետության պարտավորությունն արժանապատիվ կենսաթոշակ ապահովելու մասով չի կարող վերաբերել միայն մեկ առանձին վերցրած սերունդի:
«Անկախ այն հանգամանքից, թե բնակիչը ինչ սպառումից կկրճատի պարտադիր վճարի գումարը, թե խնայողություններից, բնակչության մոտ կավելանա սպառողական վարկերի պահանջարկը: Ստացվում է, որ բնակչությունը ստիպված է լինելու բարձր տոկոսադրույքով փոխառել այն գումարները, որոնք ինքը պարտադիր կուտակային վճարի տեսքով փոխանցել է ֆոնդեր»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
Նրա կանխատեսմամբ, համակարգի ներդրման արդյունքում բազմաթիվ այլ սոցիալ-տնտեսական բացասական հետևանքներ կարող են առաջանալ: Հետևաբար, դաշնակցականի ներկայացմամբ, օրենքի պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրմանը վերաբերող հոդվածները, հակասության մեջ են մտնում Սահմանադրությամբ պաշտպանվող արժեքների ու ներկայացվող պահանջների հետ:
Հիշեցնենք` նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովի Հ. Յ. Դաշնակցություն, «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» և Հայ Ազգային կոնգրես խմբակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» հունվարի 1-ից ուժի մեջ մտած որոշ դրույթներ, մասնավորապես, պարտադիր բաղադրիչը, հակասահմանադրական ճանաչելու համար: Արդեն այս տարվա հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը, մինչև գործի դատաքննության ավարտը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները:
Նկատենք, որ օրենքի պարտադիր բաղադրիչը տարածվում է 1974 թվականից հետո ծնված ՀՀ քաղաքացիների վրա, որոնք այս տարվա հունվարի մեկից պարտավոր են իրենց աշխատավարձի նվազագույնը 5 տոկոսը տրամադրել կենսաթոշակային հիմնադրամներին: Քաղաքացիները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 500 հազար դրամը, կենսաթոշակ կկուտակեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, իսկ պետությունը, իր հերթին, փոխանցում կկատարի 5%-ի չափով: Այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազար դրամը, պետությունը կփոխանցի 25 հազար դրամ, իսկ քաղաքացին յուրաքանչյուր ամիս կկուտակի այնքան, որ իր և պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը:
Նախորդող հրապարակումներ`
Սահմանադրական դատարանում դիմող կողմը ձևակերպեց պահանջը
Սահմանադրական դատարանում մեկնարկել է վիճահարույց օրենքի հարցով քննությունը
53 փաստաթղթի փաթեթ միայն Կենտրոնական բանկից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները