«Կուտակային»-ՍԴ. Ո՞ր համակարգին են կողմ դիմողները. ՍԴ անդամների հարցերը
Այսօր Սահմանադրական դատարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների սահմանադրականության վիճարկման հարցի քննության ժամանակ, երբ դիմող կողմին հարցեր տալու պահն էր, ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը նրանցից հետաքրքրվեց, թե որն է հայցի առարկան:
Նա նկատեց, որ նախապես Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի մեջ քննության առարկա է դարձված վիճահարույց օրենքի 8 հոդված, մինչդեռ դատարանում քննության ժամանակ դիմող կողմը կենտրոնացել է պարտադիր բաղադրիչի մասին երեք հոդվածների վրա:
Ի պատասխան դիմումը ներկայացնող ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասաց, որ հայցի առարկան չի փոխվել, ավելին, դրանում ավելացել են օրենքի որոշ դրույթներ:
«Ավելացում արել ենք, բայց նվազեցում չի կատարվել», -պատասխանեց պատգամավորը:
ՍԴ մյուս անդամ Կիմ Բալայանը պատգամավորից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է իրենք կողմ լինեն այլ մեխանիզմների կիրառման, որը պարտադիր լինի, բայց ասենք եկամտային հաշվից կատարվի գանձումը:
Արծվիկ Մինասյանն արձագանեց, որ ցանկացած մեխանիզմ ներդնելիս պետք է հաշվի առնել հանրության կարծիքը, ինչը պարտադիր կուտակային բաղադրիչի պարագայում հաշվի չի առնվել: Բալայանը փորձեց ճշգրտել` «այսինքն, ես ուզում եմ հասկանալ` համակարգի ներդրմանը կողմ եք, բայց այս կարգով ներդրմանը դեմ եք»:
«Ոչ, պարտադրման այս ձևը և այս չափը մեզ համար անընդունելի են», -արձագանքեց Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք` նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովի Հ. Յ. Դաշնակցություն, «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» և Հայ Ազգային կոնգրես խմբակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» հունվարի 1-ից ուժի մեջ մտած որոշ դրույթներ, մասնավորապես, պարտադիր բաղադրիչը, հակասահմանադրական ճանաչելու համար: Արդեն այս տարվա հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը, մինչև գործի դատաքննության ավարտը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները:
Նկատենք, որ օրենքի պարտադիր բաղադրիչը տարածվում է 1974 թվականից հետո ծնված ՀՀ քաղաքացիների վրա, որոնք այս տարվա հունվարի մեկից պարտավոր են իրենց աշխատավարձի նվազագույնը 5 տոկոսը տրամադրել կենսաթոշակային հիմնադրամներին: Քաղաքացիները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 500 հազար դրամը, կենսաթոշակ կկուտակեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, իսկ պետությունը, իր հերթին, փոխանցում կկատարի 5%-ի չափով: Այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազար դրամը, պետությունը կփոխանցի 25 հազար դրամ, իսկ քաղաքացին յուրաքանչյուր ամիս կկուտակի այնքան, որ իր և պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը:
Նախորդող հրապարակումենր`
Դիմող կողմը պնդում է` պարտադիր կուտակայինի ներդրման արդյունքում աղքատությունը կխորանա
Սահմանադրական դատարանում դիմող կողմը ձևակերպեց պահանջը
Սահմանադրական դատարանում մեկնարկել է վիճահարույց օրենքի հարցով քննությունը
53 փաստաթղթի փաթեթ միայն Կենտրոնական բանկից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները