Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել «Ты кто такой? Давай до свиданья»-ի հեղինակին
«Մարդու իրավունքների միջազգային հիմնադրամը» (FIDH) և «Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային կազմակերպությունը» (OMCT) «Իրավապաշտպանների պաշտպանության» ծրագրի շրջանակներում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել թալիշական «Толыши Садо» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովին:
FIDH-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ հայտարարության հեղինակները կիսում են ՄԱԿ Կամայական կալանավորումների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի (WGAD) կարծիքը և Մամեդովի ձերբակալությունը համարում են կամայականություն:
Ըստ աղբյուրի, WGAD զեկույցը ընդունվել է 2013թ.-ի նոյեմբերին, 68-րդ նիստի ժամանակ: Նշվում է, որ Ադրբեջանի կառավարոթյունը որևէ բավարար բացատրություն չի ներկայացրել «WGAD»-ի կողմից ձերբակալությունը կամայական անվանելու հետ կապված: «Կառավարությունը բավարար պարզաբանումներ չի տվել խոշտանգումների, Մամեդովի առողջության, ինչպես նաև դատավարությունը ձայնագրելու անհիմն արգելքի հետ կապված»,-ասվում է փաստաթղթում:
ՄԱԿ - ի Կամայական կալանավորումների հարցերով զբաղվող աշխատանքային խումբը այն եզրակացությանն է հանգել, որ Հիլալ Մամեդովի նկատմամբ կիրառված դատարանի որոշումը նրա կողմից խոսքի ազատության իրավունքի կիրառման արդյունք է:
«Իրավապաշտպանների պաշտպանության կազմակերպությունը» կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Մամեդովին, քանի որ նրա ձերբակալությունը միայն պատրվակ է նրան լռեցնելու և խոչընդոտելու խոսել Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտումների մասին:
Նշենք, որ Ադրբեջանում միակ թալիշական «Толыши Садо» թերթի գլխավոր խմբագիրը` Հիլալ Մամեդովը 2012թ.-ի հունիսի 21-ին ձերբակալվել է ադրբեջանական ոստիկանության կողմից: Նրան մեղադրել են թմրանյութերի պահպանման մեջ, սակայն հետագայում արդեն Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը նրան մեղադրել է պետության դավաճանության և լրտեսության մեջ: 2013թ.-ի սեպտմբերի 27-ին ադրբեջանական դատարանը նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել է 5 տարվա ազատազրկման: Ամենից զատ, Մամեդովը հայտնի է համացանցում տեղադրված իր «Ты кто такой? Давай до свиданья» տեսահոլովակով: 2012թ.-ի ամռանը Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան առաջ երեք բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնք պահանջում էին վերջ տալ էթնոցիդին և ազատ արձակել Մամեդովին:
Նշենք, որ «Толыши Садо» թերթի նախկին խմբագիր պրոֆեսոր Նովրուզալի Մամեդովը ձերբակալվել է 2008թ-ին ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից: Նրան նույնպես լրտեսության մեջ են մեղադրել: 2009թ.-ին նա մահացել է բանտում, քանի որ մերժել են բուժօգնություն տրամադրել, նշում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը: Մամեդովի երկու որդիները նույնպես մահացել են. մեկը մահացել է ավտովթարի արդյունքում, իսկ մյուսին անընդմեջ ծեծել են իր հորն այցելելու ժամանակ:
Թալիշները համարվում են տարածաշրջանի բնիկ ժողովուրդներից: Նրանք հիմնականում ապրում են Ադրբեջանի հարավային և Իրանի հյուսիսային շրջաններում: Ադրբեջանում թալիշները խոշտանգումների են ենթարկվում իրենց էթնիկ պատկանելիության համար: Ըստ պաշտոնական տվյալների` Ադրբեջանում նրանց թիվը կազմում է 112 հազար, սակայն թալիշները գտնում են, որ պաշտոնական տվյալները այդքան էլ ճիշտ չեն և նրանց թիվը իրականում շատ ավելին է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում