Պտղատու այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար պետք է ծխեցնել և առատ ոռոգել
Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի անկում, ուստի պտղատու այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար, խորհուրդ է տրվում դիմել ավանդական մեթոդներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հաղորդագրության՝ առաջիկա օրերին հանրապետությունում կդիտվի ջերմաստիճանի անկում: Մարտի 30-ի լույս 31-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է օդում մինչև -2 աստիճան, հողի մակերևույթին՝ -5 աստիճան ցուրտ: Բացասական ջերմաստիճան կարող է գրանցվել նաև հետագա օրերի գիշերային ժամերին:
Գ.Պետրոսյանը նշեց, որ խորհուրդ է տրվում այգիների հարակից ճանապարհների վրա, քամու ուղղությամբ, պատրաստել այրվող նյութերի կույտեր և գիշերը` ժամը 4-ից մինչև առավոտյան 7-ը ընկած ժամանակահատվածում դրանք այրել` ամբողջ այգին պատելով կայուն ծխածածկույթով: Իսկ այն այգիներում, որտեղ կա ոռոգման հնարավորություն, փոխնախարարի խոսքերով, խորհուրդ է տրվում գիշերային ժամերին կատարել առատ ոռոգում:
Ըստ նրա` ջերմաստիճանի անկման դեպքում Արարատյան դաշտավայրում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում, Սյունիքի հովիտներում հնարավոր է վնասվեն ծիրանենիները, սալորենիները, կեռասենիները, իսկ ցածրադիր հատվածներում` վաղահաս խաղողի վազերի առանձին բողբոջներ, Տավուշում՝ դեղձենին, որոշ կորիզավոր պտղատեսակներ և հոնենին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները