Կարծիքներ. Բաքուն կատարեց իր խնդիրը` լարեց իրավիճակը
Վերջին օրերի ընթացքում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, մարտական խնդիր կատարելիս, երկու հայ զինծառայող է զոհվել (3 օրում երկու զոհ):
ԱԺ պատգամավոր, Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանն իր գործողություններով Հայաստանին կոշտ հակաքայլերի է դրդում:
«Ադրբեջանը օգտվում է աշխարհում, մանավանդ, ԽՍՀՄ նախկին տարածքում առկա ճգնաժամային իրավիճակներից, որի վրա սևեռված է միջազգային հանրության ուշադրությունն ու անթույլատրելի քայլերի դիմում»,- նշեց նա:
Ըստ պատգամավորի, 3 օրվա ընթացքում սահմանին երկու հայ զինծառայող է զոհվել, սակայն համապատասխան միջազգային կառույցները «տեղներից չեն շարժվում»:
«Հայկական կողմը նման ագրեիսվ գործողությունները չի ներում, համապատասխան պատասխան քայլերը չեն ուշանա, սակայն իրավիճակն առավել կսրվի: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը շահեկան վիճակում է, որովհետև նա թքած ունի իր զինվորների վրա, սակայն մեր համար մեկ զինծառայողներն էլ թանկ է: Ադրբեջանի համար կարևորն այն է, որ կատարում է իր խնդիրը` լարում է իրավիճակը»,- հավելեց Ա. Մխիթարյանը:
Ռազմական փորձագետ Դավիթ Սոֆիյանը նշեց, որ անհրաժեշտ է նման դեպքերը լուրջ վերլուծությունների ենթարկել:
«Մարտական դիրքերը բավականին լավ կահավորված են, ստեղծված են գրեթե բոլոր պայմանները զինծառայողների անվտանգությունը պահպանելու համար: Մարտական դիրքում կամ խրամատում զինվորը կարող է հակառակորդի համար տեսանելի լինել, եթե տվյալ իրավիճակում խախտվում են անվտանգության կանոնները»,- ասաց նա:
Նրա խոսքերով, մարտական դիրք բարձրանալուց առաջ զինծառայողները վերադաս հրամանատարական կազմի կողմից անհրաժեշտ հրահանգավորում են ստանում, սակայն շատ բան կախված է մարդկային գործոնից:
«Քաղաքացիական կյանքում էլ շատ ժամանակ գիտակցելով հաշվի չենք առնում բաներ, որոնք կարող են մեր կյանքի կամ առողջության համար վտանգավոր լինել: Պետք է ամեն ինչ անել զգոնությունը մշտապես պահպանելու համար, մանավանդ, զինվորական ծառայության ժամանակ»,- ասաց Դ. Սոֆիյանը:
Ռազմական փորձագետը նաև հավելեց, որ Ադրբեջանի գործողությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի` դրանք շարունակ լարված են պահում իրավիճակը սահմանագծին: