Միյատովիչը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին դադարեցնել սոցիալական լրատվամիջոցների հարթակների գրաքննությունը
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին դադարեցնել սոցիալական լրատվամիջոցների հարթակների գրաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը:
«Թուրքիան միտումնավոր անտեսում է խոսքի և մամուլի ազատության հիմնարար իրավունքները: Մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայում արգելափակվեց «Twitter»-ը և «YouTube»-ը: Կոչ եմ անում Թուրքիայի իշխանություններին պահպանել ինչպես «օնլայն», այնպես էլ «օֆլայն» ազատ տեղեկատվության հոսքն ու լրատվամիջոցների ազատությունը և անմիջապես վերականգնել մուտքը YouTube»,-նշել է Միյատովիչը:
Նշենք, որ այն բանից հետո, երբ «Youtube» վիդեպորտալի միջոցով համացանցում հայտնվեց Թուրքիայի արտգործնախարարի, հետախուզության պետի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի Սիրիա ներխուժման պլանի քննարկման գաղտնալսված ձայնագրությունը, Թուրքիայի ինտերնետ-տիրույթում արգելափակվել է Youtube-ը:
Իսկ մարտի 21-ին Թուրքիայում արգելափակվել էր Twiitter միկրոբլոգը, այն բանից հետո, երբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Բուրսա քաղաքում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել էր. «Թվիթեր-մվիթեր, այդ ամենը արմատախիլ ենք անելու»:
Նշենք նաև, որ Թուրքիայում «Youtube»-ի և «Twitter»-ի արգելափակումից հետո խոսակցություններ են պտտվում, այն մասին, որ հնարավոր է արգելափակվի նաև «Facebook»-ը: