«Հայակ-2014»-ի հայտերն արդեն ընդունված են, իսկ մրցանակաբաշխության օրը՝ փոխված
Արդեն ավարտվել է «Հայակ-2014» ազգային կինոյի մրցանակաբաշխության հայտերի ընդունումը. 45 հայտ, որից 5-ը արտերկրից՝ 3 հայտ Ռուսաստանից, 1-ական հայտ էլ Շվեդիայից և Բելգիայից: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային կինոկենտրոնի մամուլի պատասխանատու Ռուզան Բագրատունյանը:
«Հայտերի ընդունումն ավարտվել է, բայց կան մարդիկ, ովքեր մասնակցության հայտը լրացրել են, բայց դեռևս ֆիլմի վրա աշխատում են: Հնարավոր է երկու-երեքով ավելանա, հնարավոր է՝ ոչ»,- ասաց նա:
Նշենք, որ «Հայակ-2013»-ին ներկայացված է եղել 48 ֆիլմ, որից 6-ը՝ արտերկրից:
Ռ. Բագրատունյանը նաև տեղեկացրեց, որ փոխվել է մրցանակաբաշխության անցկացման օրը. նախապես հայտարարված էր մայիսի 1-ը, բայց այն կկանայա մինչև մայիսի կեսեր:
«Հայակ-2014»-ին կարող են մասնակցել 2012 թ. արտադրված այն ֆիլմերը, որոնք չեն ներկայացվել նախորդ մրցույթին և 2013-ին արտադրված բոլոր ֆիլմերը` առանց ժանրային սահմանափակումների:
«Հայակ-2014»-ը նվիրվում է Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին, ինչի կապակցությամբ սահմանվելու է Փարաջանովի անվան «Հայակ» հատուկ մրցանակը: Բացի այդ, առաջին անգամ սահմանվելու են ևս երկու նոր հատուկ մրցանակներ` Ռուբեն Մամուլյանի անվան մրցանակ` կինոյում ունեցած վաստակի համար և Համո Բեկնազարյանի անվան մրցանակ` հայկական կինոյում ունեցած ներդրման համար: Այս տարի «Հայակի» մրցութային հանձնաժողովը կգլխավորի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը:
«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունը այս տարի նույնպես կունենա 15 անվանակարգ` լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր, լավագույն սցենարի հեղինակ, լավագույն նկարիչ, լավագույն կոմպոզիտոր, լավագույն դերասանուհի, լավագույն դերասան, լավագույն կարճամետրաժ ֆիլմ, լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն անիմացիոն ֆիլմ, լավագույն դեբյուտ, երկրորդական դերի լավագույն դերասան, երկրորդական դերի լավագույն դերասանուհի, լավագույն արտասահմանյան ֆիլմ (սփյուռքահայ ռեժիսորի կողմից նկարված կամ հայկական թեմայով օտարազգի ռեժիսորի աշխատանք):
«Հայակ» առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 2012-ին: Այն հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է: Մրցանակաբաշխությունն ստեղծվել է ազգային կինոարտադրության խթանման ու զարգացման, նոր անունների բացահայտման, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելու, երկրի կինոգործիչներին համախմբելու, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելու, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները