Եթե բխում է Հայաստանի շահերից, ուրեմն` մեզ ձեռնտու է. Ռուբիկ Հակոբյանը` ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության մասին (Տեսանյութ)
«Ինձ համար բացարձակ հետաքրքիր չէ, թե ում էր ձեռնտու Հայաստանի քվեարկությունը: Եթե դա բխում է Հայաստանի շահերից, ուրեմն մեզ ձեռնտու է, կարող է շատ-շատերին ձեռնտու չլինել: Ինձ չի հետաքրքրում, որ Զիմբաբվեն կլինի մեր կողքին, թե Թուրքիան կամ Ադրբեջանը, որ այսօր մյուս թիմում է քվեարկում: Ինձ համար դա բացարձակ նշանակություն չունի, չափանիշ չէ»,- Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած նախահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը` անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչող բանաձևին Հայաստանի քվեարկությանը:
Նա նշեց, որ չի կարծում, թե ձևավորվելիք միասնական հրապարակը խնդիր ունի կռվելու աշխարհի ուժեղ պետությունների դեմ` ոչ Ամերիկայի, ոչ Ռուսաստանի, ոչ Եվրոպայի:
«Մեր բացարձակ խնդիրն է` Հայաստանն ունենա ժողովրդի կողմից ընտրված այնպիսի իշխանություն, որ իսկապես իրավունք ունենա թե քաղաքական, թե բարոյական առումով Հայաստանը ներկայացնել բոլոր ամբիոններում:
Չեմ ընդունում, որ մեր բացերը պայմանավորում են ինչ-որ պետությունների խաղի կանոններով կամ շահերով:Քանի չենք հասկացել, որ խնդիրը մեր մեջ է, որ միասին պետք է նորմալ, ժողովրդի վստահությունն ունեցող իշխանություն ձևավորել, կդառնանք այլ պետությունների խաղալիք»,- ասաց նա:
Ըստ Ռուբեն Հակոբյանի, մեր խնդիրն է գիտակցել, որ մեր պետության, մեր հող ու ջրի, «մեր անձրևոտ գարնան տերը» մենք ենք. «Ոչ մեկին չմեղադրենք մեր եղանակի համար, մեր իրավիճակի համար: Հասկանանք, որ որևէ մեկը չի գալու մեզ փրկի: Կապ չունի, ուզում ես վազիր Եվրոպա, թե Ռուսաստան: Նրանք լավագույն դեպքում կարող են օգտվել մեր թուլությունից և իրենց ազգային շահերին ծառայեցնել մեր պետությունը, մեր երեխաների ապագան: Երբ կունենանք իմունիտետ` հասկանալու, որ մենք ենք մեր ընտանիքի տերը, եթե դու քո ընտանիքի տերը չես, հարևանդ չի գալու քո ընտանիքի փրկելու, գալու է իր շահերը ներկայացնելու: Եթե չունենանք այս հավաքական գիտակցությունը, փնտրելու ենք ուժեղներ, որպեսզի տղա բերենք, որ մեր հարցերը լուծի: Դա ճանապարհ չի: Մեր խնդիրը, որ ունենանք ռեալ տեր, որ ծառայի մեզ, պետությանը, ապրի պետության շահերով, մնացած հարցերը մենք կլուծենք, վստահեցնում եմ»:
Նա նշեց, որ ծանր պայմաններում մենք ունեցանք հավատ, որը կարողացավ մեզ արժանապատիվ ազգ պահել, բանակ բերել:
Անդրադառնալով Ուկրաինային, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ Ուկրաինան կործանվում է, որովհետև թույլ և գանձագող իշխանությունների պատճառով դարձավ երկու հզորների համար կռվատեղի, կռվախնձոր:
Ռուբեն Հակոբյանը չի մեղադրում ոչ Արևմուտքին, ոչ Ռուսաստանին. «Մեղադրում եմ այդ պետության իշխանություններին, որոնք, իսկապես միայն իրենց անձնական շահերով առաջնորդվելով, Ուկրաինայի հարթակի վրա կանչեցին գերտերություններ, որոնք ունեն անձնական շահեր և թքած ունեին Ուկրաինայի ժողովրդի վրա: Ստրկամտությունն է, որ այսօր նրանց կանգնեցրել է փաստի առաջ»:
Նախորդիվ`
Րաֆֆի Հովհաննիսյան. Ժողովրդի պահանջն է՝ ներեք միմյանց սխալները ու փոխեք իշխանությունը
Ռուբեն Հակոբյանը կարևորեց ամբողջական իշխանությունը և ոչ իշխանական ուժերի միավորումը
Այս հրապարակը հիասթափություն չի սիրում»
Արարատ Զուրաբյան. Որոշ ընդդիմադիրների բերանից կորել է ընդդիմություն բառը
Հայաստանը նման է ականապատված տարածքի. Պետրոս Մակեյան
Արմեն Մարտիրոսյան. Օր առաջ պետք է պահանջենք և պարտադրենք իշխանությունների հրաժարականը
Րաֆֆի Հովհաննիսյան. Այս իշխանությունը վերից վար պետք է փոխվի