Րաֆֆի Հովհաննիսյան. Այս իշխանությունը վերից վար պետք է փոխվի
«Այս ապօրինի իշխանության օրոք կարող ենք մոռանալ Ցեղասպանության ճանաչման, հատուցման մասին, Արցախի ինքնիշխանության ճանաչման ու տարածքային ամբողջականության մասին, կարող ենք մոռանալ Հայաստանի անկախության, մարդու իրավունքների, ազատ ընտրության, ազգային շահերի մասին»,- «Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, թանկացումները, թալանը, ազգային սեփականության օտարումը, աղքատությունը, արտագաղթը, էներգետիկ, գազային դավադրությունը շարունակվելու է այս իշխանության օրոք:
«Այս իշխանությունը վերից վար պետք է փոխվի: Ով հավատում է այդ հրամայականին՝ կուսակցություն է, հասարակական նախաձեռնություն է, անհատ է` պետք է գա, պետք է միացյալ հրապարակ կերտի: Մինչև ապրիլի ավարտը պետք է մեր երկրում միասին փոխենք իրավիճակը»,- ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ այսօր հանդես չի գալու ծրագրային ճառերով, քանի որ դրա ժամանակն անցել է, կոչ արեց բոլորին անցնել գործի. «Բոլորիս պայքարը շարունակվում է»:
Նրա խոսքով, հանրահավաքի վերջում հնարավոր է հարթակում մի փոքր խորհրդակցություն անցկացնեն ու հայտարարեն հետագա քայլերի մասին: