ՌԴ ԱԳՆ-ն Քեսաբի ու աշխարհասփյուռ հայության բողոքի մասին
Վերջին շրջանում իրավիճակը Սիրիայում բնութագրվում է կառավարական զորքերի և անօրինական զինված խմբավորումների միջև դիմակայության կտրուկ սրմամբ: Ծայրահեղականների ակտիվացած գործողությունները միտված են խոչընդոտելու հերթական միջսիրիական բանակցությունների վերսկսումը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«Վճռականորեն դատապարտում ենք ահաբեկչական գործողություններն ու խաղաղ բնակչության հանդեպ իրականացված այլ հանցագործությունները, այդ թվում զինյալների կողմից անկանոն կրակոցները սիրիական քաղաքների և գյուղերի բնակելի թաղամասերի ուղղությամբ: Տպավորություն է ստեղծվում, թե ծայրահեղականների գործողությունների ակտիվացումը միտված է խոչընդոտելու հերթական միջսիրիական բանակցությունների վերսկսումը, զրկելու սիրիացիներին քաղաքական և դիվանագիտական ճանապարհով հակամարտությունը լուծելու հնարավորությունից և խափանելու սիրիական քիմիական զենքի չեզոքացման գործընթացը», - ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:
Հայտարարությունում արձանագրվում է, որ հիմնական բախումները տեղի են ունենում Սիրիայի հյուիս-արևմտյան հատվածում, Թուրքիայի հետ սահմանակից Քեսաբ քաղաքի մոտակայքում, որտեղ բնակչության զգալի մասը հայեր են, և որոնք ծայրահեղական խմբավորումների հարձակումների հետևանքով ստիպված են եղել լքել բնակավայրերն ու փախչել Լաթաքիա:
«Ծայրահեղականների կողմից Քեսաբ քաղաքի գրավումը առաջացրել է աշխարհով մեկ հայ հանրության բուռն դատապարտումը: Երևանում տեղի է ունեցել ցույց ՄԱԿ-ի ներկայացուցչության առջև Սիրիայում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների հանդեպ անօրինական զինված խմբավորումների կողմից հետապնդումներին վերջ տալու պահանջով: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության իշխանությունները երախտագիտություն են հայտնել սիրիական իշխանություններին հայկական բնակչությանը պաշտպանելու համար: Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և ԱՄՆ կոնգրեսին ճնշումներ բանեցնել Անկարայի վրա և ստիպել վերջինիս դադարեցնել աջակցությունը Քեսաբի խաղաղ բնակիչների վրա հարձակումներ իրականացրած զինյալներին», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան