Վաղը հստակ է դառնալու, որ Ղրիմի ժողովուրդը իսկապես ուզել է իր կամքը դրսևորել, որ «կողմ»-երը պակասելու են. ՀՅԴ-ական
«Այդ հարյուր երկրները ժամանակի ընթացքում իրենց կարծիքը փոխելու են, ինչպես դա եղավ ռուս-վրացական պատերազմի ժամանակ: Ես վստահ եմ, որ վաղը հստակ է դառնալու, որ Ղրիմի ժողովուրդը իսկապես ուզել է իր կամքը դրսևորել: Վստահ եմ նաև, որ «կողմ»-երը պակասելու են, իսկ «ձեռնպահ»-ները հակված են լինելու ճանաչել հանրաքվեի արդյունքները: Ի վերջո, խոսքը ժողովրդի ինքնորոշման մասին է»,- Ազգային Ժողովում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձևին, որտեղ նշվում է, որ Ղրիմում օրերս կայացած հանրաքվեն օրինական ուժ չունի:
Հիշեցնենք, ըստ այդ քվեարկության` Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչող բանաձևին կողմ քվեարկել է 100 երկիր, դեմ` 11, իսկ 58 երկիր էլ ձեռնպահ է քվեարկել:
Բերելով Կոսովոյի օրինակը, Ա.Ռուստամյանը նշեց, որ չի կարող այդպես լինել, որ մի տեղ հանրաքվեի արդյունքները ճանաչվեն, իսկ մյուսում` ելնելով ինչ-ինչ հանգամանքներից ու շահերից ոչ:
«Ես դեմ եմ նաև Ղարաբաղ-Ղրիմ նույնացմանը, բայց մեկ բան հստակ է` ժողովուրդն ինքնորոշվել է: Այսինքն` ժողովուրդների իրավունքը գերակա է: Եվ երկրորդը` ում համար պարզ չի, որ այս բոլոր կոնֆլիկտները ԽՍՀՄ ժառանգությունն են: Այդ իմաստով էլ նմանություն կա Ղարաբաղի և Ղրիմի միջև: Հիմա մենք այս ամենը չնկատենք, այլ բանե՞ր փնտրենք»,- հայտարարեց նա:
Խոսելով Հայաստանի դիրքորոշման մասին, դաշնակցական պատգամավորն ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վաղուց վայրիվերումների մեջ է և մինչև գլուխը չի կպնում պատին` չի տեսնում դա:
Նախորդիվ`
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան չի ընդունել Ղրիմում կայացած հանրաքվեն