Թանկյան. Պետք է դուրս գալ ժամանակակից հիվանդության դեմ, որը կոչվում է «Ցեղասպանություն»
Ամերիկահայ անվանի երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը «3 news»-ի հետ զրույցում նշել է, որ հանդես է գալու Նոր Զելանդիայի Քրայսթչըրչի CBS Arena-ում: Նա ներկայացնելու է իր վերջին՝ Orca ալբոմը՝ տեղի Սիմֆոնիկ նվագախմբի հետ: Նա կներկայացնի նաև Elect the Dead ստեղծագործությունը:
«Իրականում այնքան էլ բարդ չէ System of A Down-ից անցում կատարել մեկ այլ երաժշտական ծրագրի: Դա նման է մարզասրահ գնալուն: System-ի հետ կարծես սրտային վարժություններ անես, քանի որ դու վազում ես, թռչկոտում: Իսկ սիմֆոնիկ ելույթները, ավելի հոգևոր են, զգացմունքային, ավելի անձնական են, ավելի շատ թատրոն են հիշեցնում»,-նշել է վերջինս:
Թանկյանը պատմում է իր և հունական ծագումով նորզելանդացի երաժիշտ Ջոն Փսաթասի համատեղ աշխատանքի՝ 100 Years-ի մասին, որը նվիրված է ցեղասպանություններին և կթողարկվի հաջորդ տարի:
«Սա Ցեղասպանության և Հոլոքոսթի մասին է: Սա ծանր թեմա է: Մենք ցանկանում ենք տեղեկացնել այն փաստի մասին, որ չնայած ՄԱԿ-ի` Ցեղասպանության կոնվենցիային և բոլոր տարբեր հանձնաժողովների և ենթահանձնաժողովների, որոնք նախատեսված են կարգավորել ցեղասպանության հարցը, Ցեղասպանությունը դեռ ժամանակակից մարդկային հիվանդություն է, որի մասին միջազգային համայնքն ամբողջությամբ հոգ չի տանում:
Այնպես որ, մեզ պետք է որոշակի շրջանակ, որը ցեղասպանությունը կամ Հոլոքոստը, մի տեսակ «ոչ թռիչքային գոտի» կբերի: Երբ որ դա տեղի է ունենում, բոլոր ազգերը խզում են անմիջական կապերը, նրանք սկսում են քննարկել հումանիտար օգնության և այլ հարցեր: Մենք տեսնում ենք Սիրիայում տեղի ունեցածը, չեմ անվանի դա ցեղասպանություն, Սիրիայի քաղաքացիական պատերազմի հարցը որքան շփոթեցնող է միջազգային հանրության համար: Ժողովուրդը չգիտի, թե որ կողմին պետք է աջակցություն ցուցաբերի: Մի կողմից բռնապետի հետ գործ ունենք, մյուս կողմից զինյալների, և միջազգային հանրությունը չգիտի, թե ում կողմը բռնի: Բայց մենք պետք է այս ժամանակակից հիվանդության դեմ դուրս գանք, որը կոչվում է «ցեղասպանություն»,-նշել է վերջինս: