Թուրքիայում հնարավոր է արգելափակվի նաև «Facebook»-ը
Թուրքիայում «Youtube»-ի և «Twitter»-ի արգելափակումից հետո խոսակցություններ են պտտվում, այն մասին, որ հնարավոր է արգելափակվի նաև «Facebook»-ը:
Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` այս մասին երեկ ասվել է թուրքական «StarTV» հեռուստաընկերության եթերից:
Եթերից հնչած տեղեկատվության համաձայն` Թուրքիայի կառավարության հեռահաղորդակցության և կապի վարչությունը պատրաստվում է արգելափակել նաև «Facebook» սոցիալական ցանցը, քանի որ վարչությունը «Facebook»ի փակման վերաբերյալ բազմաթիվ դիմումներ է ստացել և այն դիտվում է որպես սպառնալիք` Թուրքիայում ազգային անվտանգությանը:
Նշենք, որ այն բանից հետո, երբ «Youtube» վիդեպորտալի միջոցով համացանցում հայտնվեց Թուրքիայի արտգործնախարարի, հետախուզության պետի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի Սիրիա ներխուժման պլանի քննարկման գաղտնալսված ձայնագրությունը, Թուրքիայի ինտերնետ-տիրույթում արգելափակվել է Youtube-ը:
Իսկ մարտի 21-ին Թուրքիայում արգելափակվել էր Twiitter միկրոբլոգը, այն բանից հետո, երբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Բուրսա քաղաքում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել էր. «Թվիթեր-մվիթեր, այդ ամենը արմատախիլ ենք անելու»:
Մարտի 26-ին Անկարայի վարչական դատարանի որոշմամբ Twitter-ն արգելափակվեց Թուրքիայում: