Առաջին դեպքը չի, որ Թուրքիայում արգելափակվում է YouTube-ը
Այն բանից հետո, երբ Youtube վիդեպորտալի միջոցով համացանցում հայտնվեց Թուրքիայի արտգործնախարարի, հետախուզության պետի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի Սիրիա ներխուժման պլանի քննարկման գաղտնալսված ձայնագրությունը, Թուրքիայի ինտերնետ-տիրույթում արգելափակվել է Youtube-ը: Անորոշ ժամանակով արգելափակման որոշումը կայացվել է Թուրքիայի կառավության Կապի և հեռահաղորդակցության վարչության (TİB) կողմից, որի մասին պաշտոնական հաղորդագրություն կա նշյալ վարչության կայքում:
Սա առաջին դեպքը չի, որ Թուրքիայում արգելափակվում է YouTube-ը: 2008 թվականին այդ կայքն արգելափակվել էր Թուրքիայում: Եվ երբ լրագրողները Հնդկաստան մեկնող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին օդանավում ասել էին, որ չեն կարողանում մուտք գործել YouTube, Էրդողանն արձագանքել էր. «Ես կարողանում եմ մտնել, դուք էլ մտեք»: Ենթադրվում է, որ նա նկատի է ունեցել DNS և VPN ծրագրային լուծումների օգտագործումը:
Թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ թուրքական լիրայի նկատմամբ արժեզրկվող դոլարը Youtube-ի արգելափակումից հետո արձանագրել է փոխարժեքի աճ: Թուրքական լրատվամիջոցներն ահազանգում են, որ Twitter-ից ու YouTube-ից հետո արգելափակման շեմին է հայտնվել FaceBook սոցիալական ցանցը:
Թուրքիայում YouTube-ի արգելափակման դեմ իր բողոքի ձայնն է բարձրարցել Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նա Twitter միկրոբլոգում անգլերեն և թուրքերեն գրառումներ է կատարել` ասելով. «Այս ճանապարհով Թուրքիան ու՞ր է հասնելու: Տեղեկատվության ազատության նկատմամբ պետք է հարգանք ցուցաբերվի, սահմանափակումներն էլ պետք է չափավոր լինեն»: