Շավարշ Քոչարյանը՝ ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության մասին
«Նորանկախ Հայաստանի ձևավորման առաջին օրից մենք միշտ դեմ ենք եղել ցանկացած ոտնձգությանը, երբ փորձ է կատարվել տարածքային ամբողջականության սկզբունքն ամբողջականացնել, բացարձականացնել և հակադրել ինքնորոշման իրավունքին»,- այս մասին ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին դեմ քվեարկեց:
Նա նշեց, որ «ձեռնպահ» քվեարկելը կնշանակեր անտարբերություն, իսկ «դեմ»-ը հենց նշանակում է, որ դեմ ես, որպեսզի տարածքային ամբողջականության սկզբունքը բացարձականացվի:
«Մեր հետևողական մոտեցումը միշտ եղել է, կա և կմնա այդպիսին»,- նշեց փոխարտգործնախարարը: Շ. Քոչարյանն ասաց, որ նման կերպ քվեարկելը բխում էր Հայաստանի շահերից, նման իրավիճակներում Հայաստանը մշտապես դեմ է քվեարկել. «Դա նորությո՞ւն է, դա մեր մնայուն, կայուն շահն է»:
Նա նշեց, որ Ռուսաստանից որևէ ճնշում չի եղել կապված այդ բանաձևի քվեարկության հետ:
Պատասխանելով հարցին, թե այդ դեպքում նախօրոք ինչո՞ւ էր տեղեկատվություն տարածվել, թե Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու Ղրիմի հարցով ՄԱԿ-ի բանաձևին, փոխնախարարն ասաց. «Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նման տեղեկություն չի տարածել, իսկ թե ով է տարածել, իրենցից հարցրեք: Ես դա ձեզ հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ»:
Հիշեցնենք, որ մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անցկացվել է քվերակություն՝ Ղրիմի թերակղզում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն օրինական չճանաչող «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» բանաձևի ընդունման համար։ Քվեարկության արդյունքում բանաձևին կողմ է արտահայտվել 100 երկիր, 58-ը ձեռնպահ է մնացել, իսկ դեմ է քվեարկել 11 երկիր՝ այդ թվում նաև Հայաստանը։