Հայաստանի բանկային համակարգում մեծ ցնցումներ չեն սպասվում. տնտեսագետ
«Կարծում եմ, որ այս պահին լուրջ մտահոգությունների հիմք չունենք, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է թուլացնենք զգոնությունը, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, բայց մեծ ցնցումներ Հայաստանի բանկային համակարգի համար չեմ տեսնում»: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ռուսաստանյան բանկերի դեմ կիրառվող պատժամիջոցներին և դրանց հնարավոր ազդեցությանը հայաստանյան բանկերի վրա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, մասնավորապես, «Ռոսիա» բանկի նկատմամբ: Արդյունքում, բանկի հաճախորդների համար արգելափակվել են միջազգային Visa և Mastercard վճարային համակարգերը:
Նրա խոսքերով` երբեք որևէ մեկը չէր սպասի այսպիսի շրջադարձի, բայց որպես տնտեսագետ` կողմնակից է սցենարների մշակմանը:
«Ամեն մի իրավիճակ կարող է բերել նոր փոփոխություններ, որոնք պետք է հաշվի առնվեն, ուստի քայլերը չպետք է արվեն փոփոխությունից հետո»,- ասաց նա:
Իսկ թե պատժամիջոցներն ինչ ազդեցություն կունենան հայաստանյան առևտրային բանկերի վրա, տնտեսագետը նշեց, որ չի կարծում մեծ ազդեցություն կունենան, քանի որ Հայաստանի բանկային համակարգը բավարար դիվերսիֆիկացված է:
«Չեմ կարծում, որ սահմանափակումներ կլինեն Հայաստանի համար, բայց միաժամանակ չի բացառվում, որ միջնորդավորված ազդեցություններ կլինեն, քանի որ պետք է հաշվի առնել` Հայաստանի բանկային համակարգը զգալի չափով ներկայացված է արտաքին կապիտալով, որը պատկանում է տարբեր երկրների»,- ասաց տնտեսագետը:
Նկատենք, որ Ռուսաստանը մինչ օրս չունի ազգային վճարային համակարգ, մինչդեռ Հայաստանն ունի ARCA պրոցեսինգային կենտրոն, որը հանդիսանում է լավ հարթակ նման իրավիճակներից խուսափելու համար:
Հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանի ARCA վճարային համակարգը դարձնել ընդհանուր Մաքսային Միության անդամ երկրների համար, Թ.Մանասերյանը նշեց, որ չի կարծում, թե ARCA համակարգը կարող է ՄՄ երկրներին սպասարկել: Դրա համար կան մի քանի պատճառներ. նախ` Հայաստանը պետք է հաշվի առնի այն չափորոշիչները, որոնք կան ՄՄ-ում, երկրորդ` այդ երկրներում կան որոշակի առանձնահատկություններ, օրինակ` Ղազախստանի, Բելառուսի տնտեսությունները այդքան էլ բաց չեն և դրանք նվազ ինտեգրված են համաշխարհային տնտեսությանը: Դրա վկայությունն այն է, որ նրանք չեն հանդիսանում Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրներ:
«Իսկ Ռուսաստանը հանդիսանում է, և ավելի իրատեսական կարելի է համարել Ռուսաստանի հետ համագործակցությունը»,- ասաց Թ.Մանասերյանը:
Ինչ վերաբերում է ՄՄ-ում միասնական արժույթի ստեղծմանը, տնտեսագետը գտնում է, որ դա անխուսափելի է:
«Եթե մենք գնում ենք Եվրասիական տնտեսական միության ձևավորման ճանապարհով, ապա ճիշտ այնպես, ինչպես ԵՄ-ում ձևավորվեց միասնական արժութային համակարգ, ապա այդպես էլ կլինի ՄՄ-ում: Դա անխուսափելի է: Քայլ առ քայլ պետք է դրան գնալ»,- ասաց Թ.Մանասերյանը: