Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է
Ամբողջ աշխարհում ապրիլի 2-ին նշվում է Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր: Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Աուտիզմը նյարդաբանակ խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա, խոչընդոտում սոցիալական հարաբերությունների և հաղորդակցման հմտությունների զարգացմանը:
Աուիտիզմի իրազեկման համաշխարհային օրվա առթիվ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ամեն տարի կազմակերպվում են իրազեկման տարատեսակ միջոցառումներ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ի տնօրեն Լիլիթ Աթաջանյանը, աշխարհի տարբեր երկրներում ապրիլի 2-ի գիշերը Light it up նախաձեռնության շրջանակներում մի շարք շենքեր և կառույցներ լուսավորվում են կապույտ լույսով: Հայաստանը ևս միացել է այս նախաձեռնությանը. ապրիլի 2-ի գիշերը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի կապույտ լույսով:
Բացի այդ, ըստ նրա, հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից կսկսվի քայլարշավ` մինչև Ազատության հրապարակ: Այնուհետև Ազատության հրապարակում կներկայացվի աուտիզմ ունեցող երեխաներին նվիրված երգ, ինչպես նաև կկազմակերպվի նկարների բացօթյա ցուցահանդես:
Նշենք, որ այսօր Երեխաների զարգացման միջազգային կենտրոն են այցելում աուտիզմով տառապող ութ տասնյակից ավելի երեխա: Կենտրոնը հիմնադրվել է Աերա Պաուլ Հեյլվեյլնի նախաձեռնությամբ, ով առաջին անգամ Հայաստան է ժամանել օգնելու մի քանի երեխաների: Նրա խոսքերով` այդ ժամանակ հասկացել է, որ Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել կենտրոն, որտեղ կաշխատեն աուտիզմով հիվանդ երեխաների հետ:
«Աուտիզմ հիվանդության պատճառը դեռ հայտնի չէ, հնարավոր է, որ այն կապված է գենետիկայի հետ: Չի բացառվում, որ այն ընտանիքներում, որտեղ արդեն կա աուտիզմ ունեցող երեխա, հաջորդը ևս ախտորոշվի աուտիզմ հիվանդությամբ: Սա մեզ հուշում է, որ գենետիկական պատճառ կա»,-նշեց Աերա Պաուլ Հեյլվեյլնը:
Հիշեցնենք, որ Հայաստանում աուտիզմով հիվանդ երեխաների բուժումն ու վերականգնումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում մի շարք բժշկական հաստատությունների և իրենց մարզային մասնաճյուղերի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս աուտիզմով հիվանդ երեխաներին ստանալու մասնագիտացված վերականգնողական բուժում տեղում` չհասնելով մայրաքաղաք: Աուտիզմի հիմնախնդիրը ներառված է նաև ՀՀ կառավարության կողմից հաստատված Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման 2010-2015թթ. ռազմավարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա