Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է վիճահարույց օրենքի քննությունը
Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության հարցի քննությունը, որն ընդմիջվել էր մարտի 28-ին` աշխատանքային օրվա վերջում: Քննության առաջին փուլում դիմող կողմը՝ ի դեմս իրավաբան Մերի Խաչատրյանի, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի և ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի, ներկայացրել էր դիմումը, դիմումի առարկան, պահանջը, պատասխանել ՍԴ անդամների ու պատասխանող կողմի հարցերին: Պատասխանող կողմը՝ ի դեմս ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի, ներկայացրել էր բացատրությունները և նույնպես պատասխանել հարցերին:
Այսօր շարունակվող նիստում Բարձր դատարանը կլսի պատասխանող մյուս կողմերին՝ կառավարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին:
Մարտի 28-ի նիստում նիստը նախագահող ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը և դիմող կողմին, և պատասխանող կողմին հորդորել էր պատրաստել եզրափակիչ խոսքերը, լսել կառավարության ու ԿԲ ներկայացուցիչներին, որպեսզի դրանից հետո կարողանան ելույթներով հանդես գալ:
Կառավարությանը ՍԴ-ում ներկայացնում է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը և ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը: Իսկ ՀՀ Կենտրոնական բանկին՝ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը և ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության առաջատար մասնագետ Վիգեն Շահնազարյանը:
Հիշեցնենք` նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովի Հ. Յ. Դաշնակցություն, «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» և Հայ Ազգային կոնգրես խմբակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» հունվարի 1-ից ուժի մեջ մտած որոշ դրույթներ, մասնավորապես, պարտադիր բաղադրիչը, հակասահմանադրական ճանաչելու համար: Արդեն այս տարվա հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը, մինչև գործի դատաքննության ավարտը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները:
Նկատենք, որ օրենքի պարտադիր բաղադրիչը տարածվում է 1974 թվականից հետո ծնված ՀՀ քաղաքացիների վրա, որոնք այս տարվա հունվարի մեկից պարտավոր են իրենց աշխատավարձի նվազագույնը 5 տոկոսը տրամադրել կենսաթոշակային հիմնադրամներին: Քաղաքացիները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 500 հազար դրամը, կենսաթոշակ կկուտակեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, իսկ պետությունը, իր հերթին, փոխանցում կկատարի 5%-ի չափով: Այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազար դրամը, պետությունը կփոխանցի 25 հազար դրամ, իսկ քաղաքացին յուրաքանչյուր ամիս կկուտակի այնքան, որ իր և պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը:
Նախորդող հրապարակումներ՝
Այդ 5 տոկոսը քաղաքացու համար հացի փող է. ՍԴ անդամը` պատգամավորին
«Կուտակային»-ՍԴ.Պետք է սովորենք հարգել Սահմանադրությունը, օրենքը, իրավունքը. ՍԴ նախագահի դիտողությունը պատգամավորին
«Կուտակային»-ՍԴ.Պարոն Հակոբյան, դուք որպես պատասխանող կողմ հանդես չեկաք. Կիմ Բալայանը` ԱԺ պատգամավորին
«Կուտակային»-ՍԴ. Ի՞նչ երաշխիք կա, որ կուտակվող գումարների գնողունակությունը կպահպանվի 40 տարի հետո. հարց ԱԺ պատգամավորին
«Կուտակային»-ՍԴ. Արծվիկ Մինասյանը թվարկել է սնանկացած կուտակային ֆոնդերը և մատնանշել միջազգային փորձը
«Կուտակային»-ՍԴ. Ո՞ր համակարգին են կողմ դիմողները. ՍԴ անդամների հարցերը
Սահմանադրական դատարանն անցավ քննարկման հաջորդ փուլին
Արծվիկ Մինասյանը թվարկել է սնանկացած կուտակային ֆոնդերը և մատնանշել միջազգային փորձը
Ո՞ր համակարգին են կողմ դիմողները. ՍԴ անդամների հարցերը
Դիմող կողմը պնդում է` պարտադիր կուտակայինի ներդրման արդյունքում աղքատությունը կխորանա
Սահմանադրական դատարանում դիմող կողմը ձևակերպեց պահանջը
Սահմանադրական դատարանում մեկնարկել է վիճահարույց օրենքի հարցով քննությունը
53 փաստաթղթի փաթեթ միայն Կենտրոնական բանկից
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում