«ԻՌԻԲ». Քեսաբում կատարվածը հայերի նկատմամբ թուրքերի իրականացրած ոճրագործությունների կրկնությունն է
«Սիրիայի սաhմանային շրջաններում կատարվածը հայերի նկատմամբ թուրքերի իրականացրած ոճրագործությունների կրկնությունն է»,-այդ մասին նշված է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Իրանական աղբյուրը, հղում անելով Լիբանանի «Ալ Մայադին» հեռուստաընկերությունը, նշում է, որ Թուրքիային սահմանակից Սիրիայի հայաբնակ Քեսաբ շրջանում Անկարայի կողմից հովանավորվող ահաբեկիչների հարձակումների հետևանքով հայ ընտանիքները հարկադրված են եղել լքել իրենց տները: Նրանք Թուրքիային մեղադրում են պատմությունը կրկնելու և իրենց տարհանելու ու ահաբեկիչներին հովանավորելու մեջ:
«Քեսաբի հայերը տեղահանվել ու փախել են Լաթաքիա: Նրանք տեղավորվել են Սուրբ Աստվածածին եկեղեցում: Լաթաքիայի եկեղեցու քահանան չափազանց ցավալի է բնութագրել Քեսաբի հայերի վիճակը: Նա հայտարարել է, որ պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել քեսաբահայերի համար, որպեսզի նրանք կարողանան վերադառալ իրենց բնակարաններ: Թուրքիան 1915 թ.-ին նման ոճրագործություն իրականացրեց ու հայերին տեղահան արեց: Նա 1915 թ.-ին իրականացրեց Հայոց Ցեղասպանությունը, իսկ Սիրիան այդ օրերեին բացեց իր դռները հայերի առջև և պաշտպանեց նրանց»,-նշված է իրանական կայքում թողարկված հոդվածում:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում