Ֆեյքերին վերաբերող կետերը հանվել են վիճահարույց նախագծից. Լսումներ ԱԺ-ում
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, որը պայմանականորեն ստացել էր «Fake»-երի դեմ պայքարի նախագիծ անվանումը, չի սահմանափակում լրատվամիջոցների գործունեությունը: Այդ մասին այսօր Ազգային ժողովում կայացած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց նախագծի համահեղինակ, ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Նա պնդեց, որ օրինագծի հեղինակները ամենևին էլ չեն հետապնդում նպատակ սահմանափակել լրատվամիջոցների ազատությունը:
ԱԺ-ում շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի հեղինակներն են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Թևան Պողոսյանը, Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հեղինե Բիշարյանը:
«Նախագիծը չի հավակնում լուծել ինտերնետի կիրառման հետ կապված առկա հիմնախնդիրները: Նախագծի`շրջանառության մեջ դնելը չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է, այսպիսով սկսվում են քննարկումները` լայն, շահագրգիռ զանգվածների հետ», - հայտարարեց Հարությունյանը:
նա նաև նկատեց, որ օրինագծի նախնական քննարկումներից ակնհայտ է դարձել, որ ոչ բոլորն են հասկացել նախագծում առաջ քաշված հիմնական խնդիրները:
Լսումներին ներկայացված տարբերակը լրամշակված տարբերակն էր, որտեղ կատարվել են փոփոխություններ: Օրինագծում մասնավորապես, նշվում էր. «Այն դեպքում, երբ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, հայցվորը տեղեկատվությունը հրապարակային ներկայացնողի կամ լրատվական գործունեություն իրականացնողի դեմ կարող է դատարան դիմել միայն այն դեպքում, երբ ապացուցվում է, որ անհնար է գտնել վիրավորանք կամ զրպարտություն տարածած անձի դեմ դատարան դիմելու համար բավարար տվյալներ»: Ֆեյքերին վերաբերող երկու կետերը, որոնք լրատվական հանրության կողմից ընկալվեցին ազատ խոսքի և ԶԼՄ-ների ազատ գործունեության սահմանափակում, հանվել են նախագծից:
Նախագծի համահեղինակ և այդ հարցով հիմնական զեկուցող ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ներկայացնելով այն, հայտարարեց, որ նախագիծն իրենից ներկայացնում է երկու հիմնական հարցադրում՝ առաջինը լրատվական նյութի տակ տեղ գտած մեկնաբանություններն են, որոնք վիրավորական, զրպարտչական բնույթի կարող են լինել, երկրորդն էլ՝ անհայտ աղբյուրի հետ կապված որոշակի կարգավորումներն են:
Ինչ վերաբերում է լրատվական նյութի տակ տեղ գտած վիրավորական, զրպարտչական մեկնաբանություններին, Արփինե Հովհաննիսյանը վկայակոչեց «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումը և նկատեց, որ իրենց կողմից առաջարկած կարգավորումը ավելի մեղմ է, քան գործի որոշումը:
«Այս գործը շատ ավելի խիստ կարգավորումներ է նախատեսում, քան այն կարգավորումը, որը մենք նախատեսել էինք: «Դելֆին ընդդեմ էստոնիայի» գործում կայքը պատասխանատվության էր ենթարկվել վիրավորական մեկնաբանությունները նույնիսկ դրանք հեռացնելու մասին պահանջի բացակայությամբ չհեռացնելու համար: Մենք առաջարկում էինք ավելի մեղմ տարբերակ՝ ծանուցել, հետո միայն քննարկել լրատվամիջոցի պատասխանատվության հարցը»,- հավելեց պատգամավորը:
Օրինագծում «ֆեյքերի» մասին դրույթները հեռացնելու համար «Մեդիամաքս» գործակալության խմբագիր Դավիթ Ալավերդյանը շնորհակալություն հայտնեց օրինագծի հեղինակներին, քանի որ դրանք կարող էին «շատ լուրջ» խնդիրներ առաջացնել այն լրատվամիջոցների համար, ովքեր բարեխղճորեն կատարում են իրենց պարտականությունները:
Հարակից հրապարակումներ`
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը անհանգստություն է հայտնել «ֆեյքերի մասին» օրինագծի կապակցությամբ
«Fake»-երի դեմ պայքարելու համար փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա, դաշտը կարգավորված է. Արա Ղազարյան
Ֆեյսբուքյան ոչ մի օգտատեր Սահմանադրությամբ երաշխավորված որևէ իրավունք խախտել չի կարող. Գոռ Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան