Միխեիլ Սաակաշվիլին` իր հարցաքննության և Պուտինի «անկման անխուսափելիության» մասին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բրիտանական «Բի-Բի-Սի» գործակալության ռուսալեզու ծառայության հետ հարցազրույցում իր տեսակետներն է ներկայացրել արդիական մի քանի թեմաների շուրջ, ինչպիսիք են Վրաստանի նախկին վարչապետի սպանության հանգամանքների հետ իր առնչությունը և սկսված դատական գործընթացը, իրավիճակը Ուկրաինայում և դրանում Ռուսաստանի դերակատարումը:
Անդրադառնալով նախկին վարչապետի սպանության գործի շրջանակներում իրեն հարցաքննության կանչելուն` Սաակաշվիլին նշել է, որ այդ գործընթացը կապ չունի իրավական հարթության հետ և այն իրենից ներկայացնում է բացառապես քաղաքական գործընթաց:
«Բոլորը գիտեն, որ դա քաղաքական գործընթաց է: Այդ մասին գիտեն նույնիսկ նրանք, ովքեր նախաձեռնել են այդ, գիտեն Վրաստանի քաղաքացիները և միջազգային հանրությունը: Նրանք պարզապես հավաքել են երբեմնի իրենց վերահսկողության տակ գտնվող թերթերի կողմից գրված մեղադրանքների մի ծավալուն ցուցակ և ուզում են ինձ հարցաքննել այն հարցերով, որոնք ոչ մի ընդհանրություն չունեն իրավական հարթության հետ»,- նշել է Սաակաշվիլին:
Ըստ նախկին նախագահի` այս դեպքում խոսքը գնում է ոչ թե սպանության, այլ նախկին վարչապետի մահվան հետ կապված հանգամանքների մասին, քանի որ «ոչ մի հանցագործություն էլ չի եղել, իրենք էլ գիտեն այդ մասին և չեն կարող լուրջ պնդումներ ներկայացնել այդ մասով»:
Հեռակա կարգով հարցաքննությունից հրաժարվելու իր որոշումը Միխեիլ Սաակաշվիլին բացատրել է այն հանգամանքով, որ իր դեմ սկսված այդ գործընթացը բացառապես քաղաքական է:
Ըստ Սաակաշվիլու` այն շատ նման է ժամանակին Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դեմ հարուցված քրեական գործի տրամաբանությանը:
Անդրադառնալով իր թիմակիցներից շատերի ձերբակալությանը և հարուցված քրեական գործերին` Սաակշվիլին նշել է, որ այլ« բան չէր էլ կարելի սպասել ռուս օլիգարխից, ով հանդիսանում է «Գազպրոմի» մասնավոր բաժնետեր»:
Խոսելով Աբխազիայի, Օսեթիայի և Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության մասին` Սաակաշվիլին շեշտել է, որ Ռուսաստանը այդ շրջանների հետ ապագա չունի:
«Ռուսաստանը իրեն որպես կայրություն դրսևորելով կորցնելու է տարածքային ամբողջականությունը: Դա իր ընտրությունն է, այլ ոչ թե հարևան երկրների: Մենք կցանկանայիքն Ռուսաստանը տեսնել որպես միասնական, ժողովրդավարական և հաջողակ»,- նշել է Սաակաշվիլին` միաժամանակ ընդգծելով` Վլադիմիր Պուտինը «Ղրիմյան բախտախնդրությամբ ավելի արագացրեց իր անկումը, որն այժմ անխուսափելի է» և «դրա վրա հասնելուն պես Պուտինը հեռանալու է այդ տարածքներից»:
Վերջում խոսելով իր անձնական պլանների մասին` Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ ինքը արդեն պատրաստվել էր առավել հանգիստ կյանքի, սակայն «Պուտինը կրկին իրեն հանգիստ չտվեց ուկրաինական բաղտախնդրությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում