Թուրքագետ. 1946թ-ից հետո Թուրքիայում առաջին անգամ աննախադեպ կեղտոտ ընտրություններ տեղի ունեցան
Թուրքագետ Արտակ Շաքարյանը լրագրողների հետ հանդիպմանն այսօր հիշեցրեց, որ Թուրքիայում նախօրեին կայացած ՏԻՄ ընտրություններին ընդառաջ խոսվում էր այն մասին, որ եթե երկրի վարչապետ Էրդողանի գլխավորած կուսակցությունն այդ ընտրություններում 40 տոկոսից ավելի ձայն հավաքի, ապա Էրդողանը կգնա նախագահական ընտրությունների, որոնք տեղի կունենան արդեն այս օգոստոսին: Իսկ եթե ոչ, ապա կմտածի այլընտրանքային տարբերակի մասին:
Այսինքն` անցած ընտրությունները, կարելի է ասել, դիտարկվում էին իբրև կյանքի և մահու պայքար և հենց դրանով էլ, թերևս, պայմանավորված էր այն հանգամանքը, որ 1946թ-ից հետո, նշեց թուրքագետը, Թուրքիայում առաջին անգամ աննախադեպ կեղտոտ ընտրություններ տեղի ունեցան, որը մինչ այդ միշտ հպարտացել է ժողովրդավարական ընտրությունների անցկացմամբ:
«Քաղաքացիական հասարակությունը բավականին լավ պատրաստված էր և զեկուցում էր ընտրությունների ընթացքի մասին: Այս անգամ բավականին շատ էին լցոնումների մասին տեղեկությունները, որոնք տեղի էին ունենում տարբեր եղանակներով` պարկերով էին լցնում, կամ մարդիկ էին երկու-երեք պատրաստի քվեաթերթիկներով իրականացնում այն: Էական հանգամանք էր այն, որ շատ մեծ էր ընտրություններին սիրիացի փախստականների մասնակցությունը, որոնք կեղծ անձնագրերով հնարավորություն ստացան քվեարկելու, նրանց տեղափոխում էին ընտրատեղամասից մեկ այլ ընտրատեղամաս, և թերևս սա է պատճառը, որ երեկոյան, երբ Էրդողանը հաղթական ելույթ էր ունենում, նա շնորհակալություն հայտնեց սիրիացի ժողովրդից ևս»,- թվարկեց Ա.Շաքարյանը:
Բանախոսը ուշադրություն հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա, որը բնորոշում է իր «կեղտոտ ընտրություններ» որակումը` հատկապես արդյունքների հաշվարկի ժամանակ էլեկտրաէներգիայի խափանումներ էին տեղի ունենում և մասնավորապես 81 վիլայեթներից 40-ում էլեկտրաէներգիայի խափանումներ են եղել:
Ա.Շաքարյանը նշեց, որ Էրդողանի ԱԶԿ-ն հաղթել է անգամ այն շրջաններում, որտեղ ուղղակի չէր կարող հաղթանակ տոնել. «2009թ-ին ԱԶԿ-ն հավաքել էր 39 տոկոս ձայն` շուրջ 15.5 մլն քվեարկել էր նրանց օգտին, այս անգամ, ըստ նախնական տվյալների, ԱԶԿ-ի օգտին քվեարկել է 43 տոկոսը` շուրջ 19.5 մլն մարդ: Ամենաթեժ պայքարը, ու ամենաորոշիչը Ստամբուլն էր, բայց այստեղ ևս Էրդողանը հաղթանակ տոնեց»:
Բանախոսը նշեց, որ այս ամենը նշանակում է, որ այսօրվանից սկսում ենք հետևել նախագահական քարոզարշավի նախապատրաստմանը, որը բավականին կոշտ մեթոդներով է աչքի ընկնելու: Ա.Շաքարյանը համոզված է` ականատես կլինենք, թե ինչպես են բավականին դաժան պատժվում գյուլենականները և ամենաազդեցիկ գործիքներից մեկն այդ պայքարում Էրդողանի համար կլինի լրտեսության գործի հետագա բացահայտումը, նորանոր ձայնագրությունների շրջանառությունը:
«Ես շատ մեծ ու լուրջ ընդվզումներ եմ սպասում»,- շեշտեց նա:
Նախորդիվ`
Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընդդիմադիր կայքերը անհասանելի են դարձել
Էրդողանը հայտարարել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ԱԶԿ-ի հաղթանակի մասին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում