Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընդդիմադիր կայքերը անհասանելի են դարձել
Թուրքիայում մարտի 30-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններն ընթացել են արյունահեղությունով, կիրառվել են սառը զենքեր և հրազեն: Բախումների հետևանքով, ըստ որոշ տվյալների, 8 մարդ զոհվել է, մի քանի տասնյակը` վիրավորվել: Վիրավորների մեջ կան ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ ոստիկաններ:
Երեկոյան սահմանված ժամին, երբ ընտրատեղամասերը փակվել են և սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը, 35 նահանգում անջատվել է էլէկտրաէներգիան: Բացի այդ ընտրությունների մեկնարկից հետո անհասանելի և դժվար հասանելի են եղել թուրքական մի շարք առաջատար լրատվական կայքերը, ինչպիսիք են «Ջիհան» գործակալությունը, «Զամանը», «Թարաֆը» , որոնք ընդդիմադիր կամ էլ գյուլենական են համարվում:
Թուրքական «Զաման» թերթը գրում է, որ «Ջիհան» գործակալության անձնակազմի անդամները մի շարք վայրերում հարձակման են ենթարկվել, իսկ կայքը ընտրատեղամասերի բացվելուց անմիջապես հետո ենթարկվել է «Ddos» հարձակման, ինչպես Թուրքիայից, այնպես էլ արտերկրից: Այս պահին թեև հասանելի են «Ջիհանի» և «Զամանի» կայքերը, բայց անհասանելի է «Թարաֆ» թերթի կայքը: Գլխավոր էջում տեղադրված գրությամբ կայքն իր ընթերցողներին տեղեկացնում է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կայքը կազմակերպված հարձակման թիրախի տակ է:
«Ժողովրդավարական ընտրություններից, լրագրությունից, ազատ մամուլից վախեցող ստորները այսօր ևս մեկ անգամ հարձակում կատարեցին և կոտրեցին մեր կայքը: Կարծում են, որ հաջողության են հասել, սակայն պարտվել են: Եվս մեկ անգամ պարզ դարձավ, թե որքան են վախենում «Թարաֆ»-ից և ազատ լրատվությունից: Մենք մեկ անգամ էլ ցույց տվեցինք, թե որքան ուժեղ ենք: «Թարաֆ»-ին չեք կարող լռեցնել: Կարճ ժամանակ անց մենք կրկին ձեր կողքին կլինենք»,- նշված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում