Ձյան հաստ շերտի տակ կքած ջերմատներ, խուճապահար մարդիկ. Գյուղացու օրը (լուսանկարներ)
Հայաստանի տարբեր բնակավայրերում, մասնավորապես, Արմավիրի մարզում տեղացած առատ ձյունը անակնակալ էր մարզի գյուղերի բնակչության համար, հատկապես նրանց, ովքեր ունեն ջերմատներ: Ձյան հաստ շերտը ծանրացել էր գյուղացիների ջերմատների վրա, որոնք հիմնականում պատրաստված են պոլիէթիլենից, ինչի արդյունքում մեծ մասի ցելոֆանը կամ պատռվել էր, կամ կախվել ներքև՝ բույսերի վրա:
Մեծ պատուհասի առաջ էին կանգնել Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչները. նախ լուսադեմին ժամը 5-ից գյուղը (նաև հարակից գյուղերը) հոսանքազրկվել էին, իսկ գիշերվա ուժեղ քամին վնասել էր ջերմատների պոլիէթիլենը: Գյուղացիներից մեկը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ առավոտյան փաստի առաջ են կանգնել՝ «ջերմոցը» հայտնաբերելով պատռված:
Իսկ էլ ավելի են զարմացել, երբ Էջմիածնի խանութներից և ոչ մեկում չեն կարողացել պոլիէթիլեն գտնել:
«Ինչքան խանութ կար քաղաքում ման էկանք, բայց ոչ մի կտոր չգտանք, որ ջերմոցները փակեինք, էս ինչ էր: Խանութների աշխատողներն ասում էին, որ գյուղերից եկել ու ինչքան հանրավոր ա տարել են», -մեզ եհտ զրույցում պատմում էր տիկին Գայանեն:
Գյուղացիները ջերմոցների վրայից ձյան հաստ շերտը հեռացնում էին երկար փայտի կտորներով, իսկ ջերմոցների ներսում վառարաններ տեղադրում՝առաջիկա օրերին սպասվող ցրտերին դիմակայելու համար:
Ձյունն այնպիսի հաստ շերտով էր նստել ծաղկած պտղատու ծառերի ճյուղերին, որ հնարավոր չէր կիրառել նախորդ օրը տարբեր հեռուստաալիքներով ակտիվորեն շրջանառվող գյուղնախարարի հորդորը՝ ծխահարել այգիները:
Առայժմ հայտնի չէ, թե ինչքան վնաս է հասցրել ցրտահարությունը գյուղացիներին, բայց օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, ցուրտը կշարունակվի. մարտի 31-ի և ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև -4 ...- աստիճան, հողի մակերևույթին` -5...-7 աստիճան ցուրտ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 1-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, և միայն ապրիլի 2-ին կբարձրանա 3-5 աստիճանով:
Նախօրեին գյուղատնտեսության նախարարությունը պաշտոնապես խոստովանել էր, որ ցրտահարությունների դեմ պայքարի այն ծրագիրը, որն օդերևութաբանական կանխատեսումների հիման վրա կազմել և գյուղացիներին էին ներկայացրել գյուղնախարարության մասնագետները, հանրապետություն ներթափանցած հզոր ցիկլոնի պատճառով անզոր գտնվեց տարերքին համարժեք գործողություններ իրականացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները