ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չի հանդիսանա և հայկական ապրանքները կարտահանվեն եվոպական շուկաներ
Մաքսային միություն մտնելը չի խոչընդոտում, որ Հայաստանն իր ապրանքները եվոպական շուկաներ դուրս բերի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` հավելելով, որ GSP+ առևտրային ռեժիմի ներդրման շնորհիվ Հայաստանից Եվրոպական Միության երկրներ արտահանվող 6000-ից ավելի հայկական ծագման ապրանքներ կարտահանվեն զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքով:
«Սա նպաստավոր պայման է ստեղծում մեզ համար, քանի որ Հայաստանը ԵՄ ապրանքներ արտահանելու համար GSP+ համակարգի մաս է, ՄՄ անդամ երկրները կարող են Հայաստանում համատեղ ձեռնարկություններ բացել և այստեղից զրոյական կամ քիչ մաքսատուրքերով ապրանքներ արտահանել ԵՄ երկրներ»,- ասաց Վ.Սաֆարյանը:
Նա միաժամանակ նշեց, որ ՄՄ-ը Հայաստանի անդամակցությամբ տեղական ավտոշուկան կշահի, թեև մտավախություն կա, որ արտասահմանյան արտադրության մեքենաները կթանկանան:
«Մեքենաների թանկանալու մտավախությունը կա, տարեկան 35-40 հազար մեքենա ենք ներկրում, և Ռուսաստանը մեծ մաքսատուրքեր է դրել այդ ներկրումների վրա, քանի որ ցանկանում է իր արտադրանքն իրացնել»,- ընդգծեց Վ.Սաֆարյանը:
Անդրադառնալով հարցին, թե Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ազդեցություն կունենա՞ն արդյոք Հայաստանի վրա, Վ.Սաֆարյանը նշեց, որ դրանից մեր տնտեսությունը չի տուժի: