Ր. Հովհաննիսյանը խանգարո՞ւմ է քառյակին
«Միայն կուտակայինը չէ այն խնդիրը, որի համար պատրաստվում ենք Կառավարությանն անվստահություն հայտնել: Այնպես, որ Սահմանադրական դատարանի՝ մեզ համար դրական որոշումը միայն կամրապնդի այդ գործընթացը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նաև նշեց, որ եթե ՍԴ-ն նման որոշում կայացնի, ապա դրանից հետո Կառավարությունը պետք է հրաժարական տա և չսպասի անվստահության գործընթացին: Հիշեցնենք, ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը քիչ առաջ ավարտեցին հերթական հանդիպումը ՀՅԴ խմբակցությունում:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե երբ կհանդիպեն չորս ուժերի առաջնորդները, պատգամավորը նշեց, որ այդ քննարկումները պարբերաբար ընթանում են, բայց հստակ որոշում կայացված չէ. «Ըստ էության գաղափարի դեմ որևէ խնդիր չկա: Քննարկվում է»:
Ա.Ռուստամյանն անդրադարձավ նաև նրան, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը առանձին հանրահավաքներ է անում:
Հարցին`արդյո՞ք Ր.Հովհաննիսյանի հրապարակը չի խանգարում քառյակի հրապարակին, այն է` տրամաբանությանն ու համատեղ գործունեությանը, պատգամավորն ասաց. «Որևէ մեկի հրապարակը որևէ մեկին չի խանգարի: Քառյակից դուրս ամենքը կարող են գործել ըստ իրենց ծրագրերի»:
Դաշնակցական պատգամավորն ասաց նաև, որ ցանկացած իշխանություն պետք է հասկանա, որ Սահմանադրության շրջանցելը բերում է նման գործողությունների. «Սահմանադրությունը շրջանցելը բերում է նման իրավիճակի` իշխանությունն ապրում է մեկուսացված-օտարված, մնացածն էլ բախտի քմահաճույքին: Եթե իշխանությունն ինքն իր մեջ չունի այդքան ողջամտություն, որ հասկանա, այսպես շարունակել այլևս հնարավոր չէ, պետք է իշխանափոխություն լինի»:
Վերադառնալով շուրջօրյա հանրահավաքներին, որոնք չորս ուժերը նախատեսել են անցկացնել ապրիլի 28-30-ը Ազատության հրապարակում, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, որ հույս ունի, որ դա կարող է բերել իրենց գործունեության հաջողությանը և որ հասարակությունն էլ դա կտեսնի ու կլցվի հույսով:
Նախորդիվ`
Ա.Ռուստամյան. Ապրիլի 28-30-ին Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաք է լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները